Համացանցում «ֆեյք օգտատերերի» տեխնոլոգիան ներդրվել է ներկայիս իշխանությունների կողմից: Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանում ելույթներից հետո պատգամավորները մտահոգվում են ոչ այն պատճառով, որ իրենց կքննադատեն, այլ որ վիրավորանքների փոթորիկ կսկսվի: «Սա խոսքի ազատության դեմ նոր տեխնոլոգիա է, որը ներդրվել է Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից: Ես չեմ ասում, որ նախորդ իշխանությունների օրոք նման երեւույթ չկար: Սակայն նրանց ժամանակ այսպիսի կազմակերպվածություն չկար: Այնպիսի զգացողություն է, որ համացանցում որոշակի մարդիկ սպասում են քո ելույթին, որ սկսեն վիրավորանքներ գրել»,- նշեց պատգամավորը՝ տարակուսանք հայտնելով այն կապակցությամբ, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովվել է անձանց գործունեությունից, որոնց ինքը՝ իշխանությունն է խրախուսել: 

Նա հավելեց, որ հասկանալի չէ, թե Փաշինյանն ինչու ցուցում չի տվել Ոստիկանության պետին, քանի որ սպառնալիքների հեղինակների դեմ պայքարը Ոստիկանության գործն է, իսկ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի կարեւոր գործառույթներ ունի: «Մենք պետք է ազատվենք այս երեւույթից: Բացառված չէ, որ օրինագիծ կներկայացվի, որը համապատասխան մարմիններին թույլ կտա պայքարել նշված երեւույթի դեմ»,- շեշտեց Գեւորգ Պետրոսյանը:

Պատգամավորն արձանագրեց, որ ցանկացած ներկայիս իշխանություն երբեւէ կարող է դառնալ նախկին, եւ նրա ներկայացուցիչների դեմ նույնպես կարող են հետապնդումներ սկսվել: