Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նույնպես մտահոգված է ֆեյքերով:

Նախօրեին ֆեյքերի խնդրի մասին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին կոչ անելով պայքար մղել այդ երեւույթի դեմ:

Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարարը վերահաստատեց այդ խնդրի կարեւորությունը՝ միաժամանակ քաղաքացիներին հիշեցնելով խոսքի ազատության չարաշահումների անթույլատրելիության մասին: Նախարարն ընդգծեց, որ խոսքը համացանցում վիրավորական եւ  ազգային անվտանգությանը սպառնացող բնույթի տեղեկությունների մասին է:

Դիտարկմանը, որ ԱԱԾ-ին վկայակոչելը նպատակ ունի վախեցնել մարդկանց եւ ընդհանրապես նաեւ  համացանցում մարդու անանուն մնալու իրավունքը, Զեյնալյանը նշեց, որ մի բան է պարզապես անանուն մնալ, բոլորովին այլ բան է վիրավորել եւ ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկություններ տարածել: Ըստ նախարարի՝ առանձին վերցրած ֆեյքեր կարող են անվնաս թվալ, սակայն ընդհանուր պատկերը, նրանց կապը եւ կենտրոնացված կառավարումը բոլորովին այլ բան է: