Երեկ, ապրիլի 5–ին հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել  ՊՆ N զորամասի հրամանատար Ջոնի Սամսոնյանը։

«Ջոնի Սամսոնյանի առողջական վիճակը լավ է, մեկ շաբաթ–10 օրից դուրս կգրվի հիվանդանոցից»,– այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հայկ Անտոնյանը։

Ըստ նրա, տղամարդը հիվանդանոց է ընդունվել միջին ծանրությամբ, նույն օրը տեղափոխվել է պալատ, հսկողության տակ է եղել 2–3 ժամ։

«Ջոնի Սամսոնյանը ընդունվել է որովայնի առաջնային պատի միջանցիկ վնասվածքով եւ ըստ անալիզի տվյալների, արյան մեծ կորուստ չունի»,– ասաց Հայկ Անտոնյանը։

Հիշեցնենք, որ երեկ, ապրիլի 5–ին, ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել եւ կա վիրավոր։

Shamshyan.com–ի փոխանցմամբ, դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը։ Վերջինն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։

Հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, ով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։