ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի կանայք,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ:

Այս պայծառ ու գեղեցիկ տոնը եւս մեկ առիթ է ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ հղելու ձեզ` Արցախի հերոս կանանց, ում վիճակվել է անցնել բազում փորձությունների ու դառնությունների միջով, լինել ուժեղ ու տոկուն, նեցուկ կանգնել տղամարդկանց դժվարին պահերին:

Մենք անկեղծորեն հպարտանում ենք ձեզնով, ձեր խիզախությամբ ու սխրանքով, իմաստնությամբ ու նվիրվածությամբ, բարությամբ ու քնքշանքով: Թեկուզ ամեն օր չենք ասում այդ մասին ձեզ, բայց վստահ եղեք, մենք միշտ զգում եւ բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի տքնաջան աշխատանքը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, եւ թող Աստված հովանի լինի ձեզ եւ ձեր ընտանիքներին»: