Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ թաղել է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի օրակարգերը և գլուխ է գովում, թե իր սեփական բանակցային կետից է սկսել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին՝ Փաշինյանն ասել է, թե արցախյան բանակցությունները շարունակում է վարել ոչ թե Սերժ Սարգսյանի թողած կետից, այլ իր սեփական կետից: Նիկոլն ապրած կենա, համակարծիք եմ իր հետ:
Իհարկե, ինքը նոր՝ իր սեփական կետից է սկսել բանակցությունը: Սերժ Սարգսյանը Փաշինյանին փոխանցել է շատ ամուր բանակցային դիրքեր՝ ի դեմս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի օրակարգերի, որը, ակնհայտորեն մեզ շատ ձեռնտու օրակարգ էր:
Սակայն Փաշինյանը հաջողությամբ թաղել է այդ օրակարգը և այսօր գլուխ է գովում, թե իր սեփական բանակցային կետից է սկսել:
Հ.Գ. Ե՞րբ պետք է գիտակցի Փաշինյանը, որ համազգային հարցերում եսակենտրոնությամբ ու մեծամտությամբ առաջնորդվելը հղի է անցանկալի հետևանքներով ոչ միայն իր, այլև բոլորիս համար»,- ասված է նրա գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր` «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»։





























