Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեսահոլովակ է տարածել, որում ներկայացված է դեսպան Լին Թրեյսիի հայաստանյան գործունեության առաջնահերթությունները:
«2018 թվականի ապրիլից շատ բան է փոխվել այստեղ: Մեր երկու երկրներին միավորում են ընդհանուր ժողովրդավարական արժեքները: Իմ պաշտոնավարման ընթացքում ես պատրաստ եմ աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ վստահություն հայտնելով, որ իր իրեն Հայաստանում լավ ժամանակներ են սպասվում:
Նրա խոսքով՝ աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները գյուղատնտեսության զարգացման համար:
«Ոլորտն ինձ սրտամոտ է, քանի որ ընտանիքս Օհայոյում զբաղվում է գյուղատնտեսությամբ: Գիտեմ՝ ինչքան կարեւոր է գյուղացիական տնտեսություններին աջակցելը եւ ուրախ եմ տեսնել, որ գյուղատնտեսական փորձի փոխանակումը Հայաստանի հետ 25-ամյա գործընկերության ընթացքում եղել է Միացյալ Նահանգների կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշել է դեսպանը:
Լին Թրեյսիի խոսքով՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վառ ապագա է սպասվում: Նրա դիտարկմամբ՝ այստեղ շատ ու շատ հայ երիտասարդներ, իրենց ստեղծարար ձիրքն այս ոլորտում իրացնելով, նպաստում են, որ Հայաստանը մրցունակ լինի տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ շուկայում: «Ես սիրով կշարունակեմ դեսպանատան ջանքերն ուղղել Հայաստանի հետ գործարար եւ առեւտրային կապերի զարգացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ընդգծել է դեսպան Թրեյսին:
Դեսպանը նաեւ նկատել է, որ երկրի անվտանգությունը կարեւորագույն գործոն է յուրաքանչյուր պետության համար: «Այս հարցի շուրջ նույնպես մենք ամուր հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, ինչի վառ ապացույցն է ԱՄՆ Կանզաս նահանգի հետ գործընկերության ծրագիրը: Ես բարձր եմ գնահատում Հայաստանի ներգրավվածությունն Աֆղանստանի եւ Կոսովոյի խաղաղապահ առաքելություններում եւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի հետ: Մերօրյա աշխարհում պետք է ջանք չխնայել խաղաղության ապահովման եւ հակամարտությունների կարգավորման համար»,- ասել է նա:
Նա նաեւ հպարտությամբ հայտնել է, որ աջակցում է Հայաստանի բազմադարյա մշակութային ժառանգության պահպանությանը դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով:
«Օպերայի պատմական շենքը տեսնելիս հուզմունք եմ ապրել: Համաշխարհային ճանաչում ունեցող «Սուսերով պարը» առաջին անգամ լսել եմ դպրոցական հասակում, իսկ այսօր հասկացա, որ այն մինչ օրս մնում է իմ ամենասիրած ստեղծագործություններից մեկը»:





























