ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը եւ պատգամավորական էթիկայի կանոնները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը` անդրադառնալով խորհրդարանական լսումների ժամանակ տրասնգենդերի հետ կապված միջադեպին։

«Տիկին Զոհրաբյանը խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը, նաեւ պատգամավորական էթիկայի կանոնները, ես սպասում եմ նրա արձագանքին։ Խախտվել է լսումների անցկացման կարգը, որովհետեւ պատշաճ չի իրազեկվել հանրությանն այդ մասին, այսինքն` լսումներից առնվազն երեք օր առաջ այն օրակարգը, որը սեղանին էր, պետք է հայտնվեր կայքում եւ լրատվականներում։ Բացի այդ, մարդկանց սենյակից դուրս հրավիրել ոչ մի պարագայում չի կարելի»,–նշեց նա:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հրապարակած փաստաթղթին, որտեղ պատգամավորը ՀԿ–ներին հորդորել է մասնակցել նիստին, նա ասաց. «Ես հաստատում եմ` ուղարկել եմ իրազեկող նամակ ՀԿ-ներին, ավելին՝ խրախուսել եմ, որպեսզի նրանք այդ նամակը փոխանցեն այլ ՀԿ-ների եւս, իրազեկող նամակի բովանդակությունը նաեւ ԱԺ կայքում է եղել` համապատասխան օրակարգով, որը ես՝ որպես հանձնաժողովի անդամ, հաստատել եմ։ Տիկին Զոհրաբյանն իմ եւ հանձնաժողովի մյուս անդամների հաստատած օրակարգն այնուհետեւ փոխել է։ Հաստատված օրակարգը, որը եղել է ԱԺ կայքում, անհետացել է, եւ հայտնվել է երկրորդ օրակարգը, որտեղ եղել են ավելի նեղ թեմատիկ ոլորտներ։ Սակայն նա իրավունք չուներ փոխել օրակարգը առանց հանձնաժողովի անդամների համաձայնության»։

Լրագրողները Մարիա Կարապետյանից հետաքրքրվեցին՝ եթե ինքն իմանար, որ Լիլիթ Մարտիրոսյանը նման ելույթ է նախապատրաստում, կուղարկե՞ր այդ հրավերը, թե՞ դա նրան կկաշկանդեր, պատգամավորը պատասխանեց. «Իմ պատգամավորական գործունեությանը ոչինչ չէր կարող կաշկանդել։ ՀՀ քաղաքացին իրավունք ո՞ւնի բաց լսումներին ելույթ ունենալ, այս հարցին եթե պատասխանեք, ես կպատասխանեմ ձեր հարցին»։

Նա շեշտեց՝ այս աղմուկը Նաիրա Զոհրաբյանի պահվածքի պատճառով է. «Տիկին Զոհրաբյանի բարձրացրած ալիքի պատճառով է։ Դիցուք, ճգնաժամ է տեղի ունեցել, ինչպե՞ս է պատգամավորը, որ վարում է նիստը, արձագանքելու այդ ճգնաժամին։ Տեղի է ունեցել մի ելույթ, որին պատգամավորը համաձայն չէր, ինչպե՞ս պետք է արձագանքի պատգամավորը, ինչպիսի՞ վարք պետք է դրսեւորի իրեն, ո՞ր էթիկայի կանոնների համաձայն»։

Մարիա Կարապետյանը նաեւ պնդեց՝ ՀԿ–ներին չի իրազեկվել, որ կան թեմատիկ բաժանումներ, ասվել է՝ քննարկվելու է մարդու իրավունքների պարբերական զեկուցը։

Հարցին՝ պե՞տք է Նաիրա Զոհրաբյանը շարունակի աշխատել որպես Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավորը պատասխանեց. «Ես այդ հարցը բարձրացրել եմ երեկ իմ ելույթի ժամանակ, եւ այդ մասին խոսել եմ, նշել եմ, որ էթիկայի կանոններն է նա խախտել»։

Խոսելով սոցցանցերում հնչող պահանջի մասին, որ ինքը պետք է վայր դնի իր պատգամավորական մանդատը, Մարիա Կարապետյանը ասաց, որ ինքը նման բան չի անի։