Օրենսդրական նախագծերի ներկայացված փաթեթով առաջարկվում է անցկացնել զինծառայողների լիակատար բժշկական զննում՝ միանգամից նրանց զորացրումից հետո։ Այս մասին պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ապրիլի 9-ին հայտարարել է հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Ընդ որում, նա նշել է, որ զննումը պետք է կատարվի ոչ ուշ, քան զորացրումից հետո մեկ ամսվա ընթացքում։
Նրա խոսքերով, ներկայացնելով տվյալ օրենսդրական փաթեթը, իրենք մի քանի նպատակ են հետապնդել։
«Մենք ուզում ենք որոշել մի քանի խնդիրներ, որոնք կան եւ որոնք դարձել են ամենաառաջնայիններից։ Այդ առաջնահերթ խնդիրներից մեկը, որը մենք փորձում ենք լուծել, այն զինծառայողների բուժզննման եւ բուժման ծախսերն են, որոնք զինված ուժերից հեռացվել են առողջական վիճակի պատճառով, այլ ոչ թե իրենց կամքով»,- պարզաբանել է պատգամավորը։
Նա նաեւ նշել է, որ այս նախաձեռնությունը թույլ կտա պարզել հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են զինծառայողների առողջության վատացմանը՝ այդ պատճառները վերացնելու հետագա հնարավորությամբ։
Բացի այդ, դա, խորհրդարանականի վստահեցմամբ, թույլ կտա էապես բարձրացնել զինակոչիկների բժշկական զննման որակը՝ ռազմաբժշկական հանձնաժողովների անդամների պատասխանատվության բարձրացման հաշվին, քանի որ նրանք ստիպված կլինեն մեծ ուշադրություն ցուցաբերել պոտենցիալ զինծառայողների առողջության հանդեպ։
«Դա նաեւ թույլ կտա բարձրացնել հասարակության վստահությունը Զինված ուժերի եւ պետական ինստիտուտների հանդեպ»,- ընդգծել է Սիմոնյանը։
Խորհրդարանականը նաեւ նկատել է, որ օրինագծերի իր կողմից առաջարկված փաթեթը հավանության չի արժանացել կառավարության կողմից, թեեւ ինքը պլանավորում է հանդես գալ նման առաջարկությամբ, սակայն ոչ թե որպես նոր օրինագիծ, այլ բավարարվել փոփոխություններով։
Արդյունքում, երկար քննարկումներից հետո փաթեթը խորհրդարանական հանձնաժողովի կողմից դրական գնահատական չի ստացել։





























