Տնտեսության ոլորտում ամենամեծ խնդիրը դիմադրությունն է, որ հանդիպում է նոր կառավարությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը՝ խոսելով հեղափոխությունից մեկ տարի անց տնտեսությունում տեղի ունեցած տեղաշարժերի մասին։

«Այդ դիմադրությունը մարմնավորվում է պետական համակարգի միջին օղակներում։ Այնտեղ կա միջին պաշտոնյաների մի շերտ, որոնք չեն ընկալում, թե ինչ փոփոխություն է եղել, չեն ընկալում, թե իրենք ինչ դեր ունեն երկրի զարգացման գործում եւ չեն ընկալում իրենց գործառույթները։ Սա բավականին շոշափելի դիմադրություն է։ Դրանք չինովնիկական քաշքշուկներն են, որին հանդիպում են թե քաղաքացիները, թե ներդրողները, բայց այդ դիմադրությունը ժամանակի ընթացքում կհաղթահարվի։ Ես այստեղ մեծ վտանգներ կամ մտահոգության առիթ չեմ տեսնում։ Ժամանակի, տեմպի կորստի խնդիր է»։

Բիզնեսի համար, ըստ պատգամավորի, կարող են խոչընդոտ լինել դատական համակարգում առկա խնդիրները. «Խնդիրներ կան դատական համակարգում, որը ընդհանրացված եթե ձեւակերպենք, առնչվում է բիզնեսին․ բիզնեսին պետք է անկախ, արդար դատարան»։

Հարցին՝ հիմա դատարանները անկախ չե՞ն, պատասխանեց. «Գործող գործադրից եւ օրենսդիրից նրանք անկախ են, բայց նրանք որոշակի կախվածություն ունեն նախկինից եկող կապերից, ազդեցություններից, լծակների տակ են։ Ես համենայնդեպս նման կասկածներ ունեմ, բայց դա էլ հաղթահարելի է»։

Տնտեսության մեջ որպես դրական տեղաշարժ Հայկ Գեւորգյանը շեշտում է՝ օտերերկրյա ուղղակի ներդրումներն են աճել, իսկ տնտեսական աճի տեմպերի նվազումը պայմանավորում է հանքարդյունաբերության ոլորտում գրանցված ցուցանիշներով. «Հայաստանի խոշորագույն հանքերից մեկը՝ Թեղուտը, անցած տարի չի աշխատել։ Եթե Թեղուտն էլ աշխատեր, մենք կունենայինք շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան նախկինում երբեւէ գրանցվել է։ Ի դեպ, Թեղուտի շահագործումը, կարծես թե, վերսկսվել է․ դա իր արդյունքը կտա։ Ինձ համար հիմա շատ ավելի կարեւոր է ոչ թե ցուցանիշը, այլ դրա որակը»։

Պատգամավորի համար դրական է միտումը, որ առանց հանքարդյունաբերության վերամշակող արդյունաբերությունը ցույց է տալիս զարգացման դրական տեմպեր․ «Մի շատ կարեւոր փոփոխություն է եղել, որն ինձ համար ամենակարեւորն է, դա տնտեսության տրանսֆորմացիան է. հանքարդյունաբերությունը կտրուկ նվազել է, ավելի կտրուկ աճել է վերամշակող արդյունաբերությունը։ Մենք այստեղ ունենք երկնիշ թվեր»։

Հարցին՝ «Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը եւ Լոնդոնի արբիտրաժային դատարան դիմելու մտադրության մասին հայտարարությունը արդյոք բացասաբար չի՞ ազդի Հայաստանի ներդրումային գրավչության վրա, Հայկ Գեւորգյանն ասաց. «Երբ մենք խոսում ենք ներդրումային գրավչության առումով Ամուլսարի հետ տեղի ունեցածը ինչպիսի ազդեցություն կթողնի, ձեր կարծիքով ինչպիսի ազդեցություն է թողնում ՀՀ վարկանիշի վրա, որ հանքը կարող է շահագործվել առանց պատշաճ փորձաքննության։ Մենք հստակ հայտարարել ենք, որ կլինի վստահելի փորձաքննություն, եւ եթե փորձաքննության արդյունքները ցույց կտան, որ Ամուլսարի ազդեցությունը նվազագույնն է կամ բացասական ազդեցությունը թույլատրելի սահմաններում է, ապա Ամուլսարի հանքը կշահագործվի, հակառակ դեպքում չի գործարկվելու։ Այստեղ քաղաքական խնդիր դրված չէ»։

Հեղափոխությունից մեկ տարի անց պատգամավորը կարեւոր ձեռքբերում է համարում, որ տնտեսության մեջ հետհեղափոխական ցնցումներ չեղան. «Ամենակարեւոր ձեռքբերումը, որը հանրության կողմից կարծես թե չարժեվորվեց, հետհեղափոխական ցնցումների բացակայությունն էր տնտեսության մեջ։ Հեղափոխությունները, սովորաբար, հանգեցնում են ազգային արժույթի կտրուկ արժեզրկման, կապիտալի կտրուկ արտահոսքի։ Հայաստանում դրանք չեղան, ինչն ինձ համար անակնկալ էր»։

Հայկ Գեւորգյանը նաեւ ընդգծում է՝ 15 հազար մարդու ներգաղթ է եղել. «Ձեռքբերումների մեջ, որը մենք անմիջականորեն չենք շոշափում, 1991 թվականին սկսված արտագաղթից հետո անցած տարի առաջին անգամ 15 հազար մարդու ներգաղթ է եղել, որպես համեմատության՝ 2017 թվականին մուտքերի ու ելքերի տարբերությունը եղել է -26 հազար, իսկ 2018 թվականին եղել է +15 հազար։ Սա ինձ համար ուրախալի ցուցանիշ է»։