Դատական համակարգի ներքին սպառնալիքներից է անվստահությունը դատարանների նկատմամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Բարձրագույն դատական խորհրդի մեկ տարվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, սահմանադրաիրավական պահանջն այն է, որ արդարադատություն իրականացնելով դատարանները պետք է հակակշռող եւ զսպող դերակատարություն ունենան իշխանությունների բաժանման համակարգում:

«Ընտրողաբար եւ սուբյեկտիվ հայեցողությամբ արդարադատություն իրականացնող դատարանը չի կարող հանրային մեծ վստահություն ունենալ, ավելին՝ ինքն է դառնում պետության համար սպառնալիք:

Վերջին մեկ տարում բացառվել է համակարգային կոռուպցիան դատական համակարգում, վերացել են այդ երեւույթի ինստիտուցիոնալ նախադրյալները: Ցավոք, գուցե առկա են առանձին, կներեք արտահայտությանս, այսպես կոչված ջեբկիրության դրսեւորումներ, որոնք սակայն ամբողջությամբ ջրի երես դուրս կգան մշտադիտարկման ամբողջական համակարգի արմատավորման պարագայում»,-ընդգծեց Հարությունյանը: