Այսօր անկախ դատական իշխանություն ունենալու հնարավորություն կա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Արդարադատության համար անկախության երաշխիքները պետք է առնվազն չորսը լինեն՝ ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ, նյութական եւ սոցիալական, սակայն այդ երաշխիքները այսօր էլ անբավարար վիճակում են. «Եթե դատական իշխանությունը ստեղծի այդ օբյեկտիվ երաշխիքը, սուբյեկտիվ միջամտությունը կզրոյացվի»,- ասաց նա։

Հարցին՝ գուցե նախկին իշխանությունն էր խանգարում ունենալ անկախ դատական իշխանություն, Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ խանգարող հանգամանք եղել է. «Չկային նախադրյալներ, չկար այդ համակարգը, նաեւ՝ տարաբնույթ սուբյեկտիվ միջամտություններ կային»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ դատավորներին զանգեր չպետք է լինեն, Գագիկ Հարությունյանն ասաց, որ հեռախոսային արդարադատությունը շատ պրիմիտիվ մոտեցում է  հարցին. «Մեր ամբողջ գործունեությունը ուղղված է երաշխիքների ստեղծմանը։ Օրինակ՝ եթե գործը էլեկտրոնային բաշխման միջոցով հասնում է դատարանի նախագահին, ինքն է որոշում այդ գործը՝ ում մակագրի, ընդ որում՝ կան տարածքում, ենթադրենք, հինգ նստավայր, ամեն տեղում նստած է մի դատավոր։ Դատարանի նախագահը որոշում է այս դատավորին մակագրի, թե՝ մյուսին։ Այստեղ սուբյեկտիվ գործոնը չի աշխատելու»,- ասաց Հարությունյանը, եւ ավելացրեց, որ նախկինում էլ դատական իշխանությունը աշխատել է հնարավոր գործոններ եւ երաշխիքներ ստեղծել:

«Կարող եք բացել Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը, որը վերաբերում էր վճռաբեկ դատարանի քաղաքացիական վարչական պալատի 150 որոշումների ուսումնասիրման արդյունքով կայացած մեր որոշմանը, եւ ժամանակին մենք արձանագրում էինք, մասնավորապես նոր հանգամանքերի հիմքին, եւ այսօր էլ ,Արդարադատության նախարարը այդ նույն հիմքով կարգապահական վարույթ է հարուցում վճռաբեկ դատարանին»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։