Նիկոլ Փաշինյանը խոր մոլորության մեջ է, եթե կարծում է, որ անցած տարվա համեմատ Հայաստանում մի քանի հազար աշխատատեղ է ավելացել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։
«Այն թվերը, որ վարչապետ Փաշինյանը ներկայացնում է անցած տարվա հետ կապված՝ մի քանի հազար աշխատատեղ, եկեք անկեղծ լինենք, այդտեղ նոր աշխատատեղ 10% էլ չկա, բոլորն այն մարդիկ են, որոնք գրանցվել են։ Դա ձեռքբերում է, շատ լավ բան է, բայց նոր աշխատատեղ չէ։ Եթե պարոն Փաշինյանը համարում է, որ դրանք նոր աշխատատեղեր են՝ նա մոլորության մեջ է»,– ասաց Մամիջանյանը ։
Մամիջանյանի խոսքով՝ որպես տնտեսական ձեռքբերումներ ներկայացվող ցուցանիշները չեն արտացոլում երկրում տիրող իրական պատկերը։
«Վարչապետը շատ խրոխտ ու հպարտ խուսում է, որ Հայաստանում հիփոթեքային վարկերի բում է, շինարարության բում է սպասվում, բայց ինչու՞ չի խոսում, որ 37% սպառողական վարկերի աճ է։ Սպառողական վարկը օրվա կարիքները հոգալու խնդիր է։ Բանկային պրոդուկտների տեսանկյունից ամենածանր տոկոսներն ունեն»,– ասաց նա։
Մամիջանյանը պատգամավորներին խորհուրդ տվեց իրենց հրապարակային խոսքի նկատմամբ ավելի ուշադիր լինել։
«Օրենսդրական ձեռքբերումն այսօր հասել է լուսնին։ Իրենք քննարկում են, թե տիեզերական ինչ գործունեություն կարող է ծավալել Հայաստանի Հանրապետությունը։ Միակ բանը, որ ես կարող եմ ասել մեր նորաթուխ պատգամավորներին՝ սիրելիներս, տիկնայք եւ պարոնայք, դուք արդեն մեծ պատգամավորներ եք, ժամանակն է, որ սկսեք կամ սովորեք խոսել այնպես, որպեսզի դուք կամ պարոն Փաշինյանը կամ պարոն Կոստանյան Վահանը, որը ձեր խոսնակն է, եւ այլ պաշտոնյաներ սկզբից չկարմրեն, իսկ հետո, երբ բացատրություն եք տալիս՝ ավելի շատ չկարմրեն»,– ասաց Մամիջանյանը։





























