Ալժիրի ժամանակավոր նախագահ Աբդելկադեր Բենսալահը նոր նախագահական ընտրությունները նշանակել է հուլիսի 4-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Նախագահ Աբդելկադեր Բենսալահը ապրիլի 9-ին՝ իր լիազորությունները ստանձնելու օրը, ստորագրել է 2019թ․ հուլիսի 4-ին նախագահական ընտրություններ անցկացնելու համար ընտրական հանձնաժողով ձևավորելու մասին հրամանագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ս․թ․ ապրիլի 3-ին հրաժարական էր տվել Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկան։ Այդ պաշտոնում նրան փոխարինել էր խորհրդարանի վերին պալատի նախագահ Աբդելկադեր Բենսալահը։
82-ամյա նախագահը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ երկրի զինված ուժերի շտաբի պետը պահանջել էր անհապաղ գործողությունների դիմել նրան պաշտոնից հեռացնելու համար։
Դրան նախորդել էին հազարավոր մարդկանց յոթ շաբաթից ավել տևած բողոքի ցույցերը՝ քաղաքական համակարգի փոփոխման պահանջով։
2013 թ․ գլխուղեղի կաթվածից հետո Բուտեֆլիկան հազվադեպ էր երևում հանրային վայրերում։





























