Այսօր մենք դեռեւս ցանկությունների դաշտում ենք, դեռեւս չեմ տեսնում այն առարկայական ծրագրերը, որոնք տնտեսական լուրջ բարեփոխումների խթան կարող են հանդիսանալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը՝ խոսելով տնտեսության զարգացման եւ ոլորտում կատարվող բարեփոխումների մասին։

«Դանդաղելու առումով չեմ ցանկանում գնահատական տալ, որովհետեւ գուցե հիմա դանդաղել է պետք, որովհետեւ այն որոշումները, որ պետք է կայացվեն եւ այն ծրագրերը, որ պետք է կյանքի կոչվեն, պետք է լինեն շատ կշռադատված եւ բալանսավորված, հակառակ դեպքում՝ մենք շտապելու արդյունքում կարող ենք ունենալ ոչ ճիշտ որոշումներ, որը կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ։ Մենք գուցե պետք է մի քիչ էլ սպասենք, որ հասկանանք՝ արդյոք դանդաղել ենք, թե շտապել»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ավելի հաճախակի են տարբեր տնտեսվարողներ բողոքի ցույցեր անում, օրինակ՝ գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչներն են դժգոհում պետտուրքը 60 անգամ ավելացնելու նախաձեռնությունից, պատգամավորը նշեց, որ դա էլ հեղափոխության արդյունք է, իրավիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուրը պայքարում է իր իրավունքների համար, արտահայտում է իր բողոքը․«Իսկ պետտուրքի մասով եթե ունենք մի իրավիճակ, որտեղ գործունեության տեսակից ստացված եկամուտը եւ պետությանը վճարվող հարկի չափը չեն համապատասխանում իրար, ես համոզված եմ, որ արդարացի է պետտուրքի ավելացումը։ 60 անգամի մասով եթե չեմ սխալվում քննարկվել է, եւ եղել է փոփոխություն»։

Ըստ պատգամավորի՝ ժամանակն է, որ ընդունենք գնաճի մասին օրենքը․ «Եթե մենք աղքատության դեմ պայքար ենք սկսել, պետք է ընդունենք գնաճի մասին օրենք։ Վարչապետն էլ կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ շեշտեց, որ թիվ մեկ խնդիրը պետք է լինի աղքատության հաղթահարումը, առավել եւս ծայրահեղ աղքատության մշտական վերացումը»։

Արթուր Գրիգորյանը հավաստիացնում է՝ իր կողմից մշակվող օրինագծի գործողության դեպքում աղքատության հաղթահարման նոր մեթոդներ պետք է կիրառվեն։ «Գնաճի մասին օրենքը ինչ է ենթադրում՝ եթե մենք տարվա սկզբին եւ վերջում նախանշում ենք համապատասխան գնաճ, տարվա վերջում ԱՎԾ-ի կողմից ունենում ենք վերջնական եզրակացություն, թե ինչպիսի գնաճ ենք ապահովել տարվա ընթացքում, ապա պետությունը իր վրա պետք է վերցնի լրացուցիչ բեռ եւ նախնական շրջանում գոնե անապահով, սոցիալապես աղքատ խավերի մասով փոխհատուցում իրականացնի։ Սա բավականին լուրջ օրենսդրական նախաձեռնություն է, ուսումնասիրել եմ մի քանի զարգացող եւ զարգացած երկրների փորձը։ Այդ փորձն ամբողջությամբ կիրառել եւ առհասարակ մտնել գնաճի հետեւանքների վերականգնման դաշտ, այս պահին խելամիտ չի լինի, քանի որ ենթադրում է բավականին լուրջ ֆինանսական ռեսուրսներ։ Նախնական շրջանում կփորձենք հասարակական փոքր շերտերի համար ապահովել նման նախագիծ»,- եզրափակեց նա։