Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն համաձայնության են եկել մինչեւ հոկտեմբերի 31-ը բրեքսիթի «ճկուն հետաձգման» հասնելու հարցում, հայտնում է BBC News-ը:
Բրյուսելում գագաթնաժողովի ժամանակ հինգ ժամ տեւած բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ «բրիտանացի բարեկամներին» իր ուղերձը հետեւյալն է՝ «խնդրում եմ, այդ ժամանակը զուր մի վատնեք»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հերթին նշել է, որ Մեծ Բրիտանիան կձգտի ԵՄ-ն լքել հնարավորինս շուտ:
Դոնալդ Տուսկն ավելի ուշ ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում:
«Գործողությունների ծրագիրն ամբողջությամբ կլինի Մեծ Բրիտանիայի ձեռքին: Նրանք դեռեւս կարող են վավերացնել ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը, եւ այդ դեպքում ժամկետի երկարաձգումը կարող է չեղարկվել»,- նշել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:
«Թույլ տվեք ավարտել մեր բրիտանացի բարեկամներին ուղղված ուղերձով: Այս հետաձգումը նույնքան ճկուն է, ինչպես եւ սպասում էի, եւ շատ ավելի կարճատեւ, քան ես սպասում էի, բայցեւայնպես բավարար՝ լավագույն հնարավոր լուծումը գտնելու համար: Խնդրում եմ, այս ժամանակը զուր մի վատնեք»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունել էր Լեյբորիստական կուսակցության անդամ Իվետ Քուփերի առաջ քաշած օրինագիծը, որով Մեյը պարտավորվում է դիմել ԵՄ-ից առանց գործարք կնքելու երկրի դուրս գալու փոխարեն բրեքսիթի ժամկետը մինչեւ հունիսի 30 երկարացնելու համար:
Օրինագիծն արդեն ստացել է թագավորական թույլտվությունը:
Դրանից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը Բեռլին էր մեկնել՝ մասնակցելու բրեքսիթի հարցով գագաթնաժողովին:





























