Օնլայն տաքսիների հարկային թերվճարումների պատճառով պետական բյուջեն ավելի քան 1 մլրդ դրամ չի ստանում։ Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային ասոցիացիայի» նախագահ Վահագն Սահակյանը։

Նրա խոսքով՝ այսօր տաքսի ծառայությունների շուկայում գործում է օլիգոպոլիա, ինչը հանգեցրել է ճգնաժամի ոլորտում։ «2-3 օնլայն տաքսի ընկերությունները փաստորեն յուրացրել են շուկան։ 60 հազար տաքսի ավտոմեքենաներից առնվազն 55 հազարն աշխատում է նրանց համար։ Եթե գոնե դրանց մի մասը վճարեր մոտ 40 հազար դրամ ամսական, ապա պետբյուջեն կստանար հավելյալ ավելի քան 1 մլրդ դրամ»,- նշել է փորձագետը։

Սահակյանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե մասնավոր տաքսիներն ազատվում են հարկերից, կարիք ունի որոշակիացման, քանի որ ամեն մեկը յուրովի է մեկնաբանում այն։

«Մասնավոր տաքսու վարորդները այն մարդիկ են, ովքեր իրենք են ապահովում իրենց պատվերները, պատվերներ չեն ստանում կենտրոնացված տեղից։ Մենք առաջարկում ենք մտցնել արտոնագրի երկու տեսակ։ Մի տեսակը՝ մասնավոր վարորդների համար, ովքեր չեն կարողանա օգտվել հատուկ կայանատեղերից, չեն կարողանա կառավարվել մի որեւէ կենտրոնից։ Մյուսը՝ տաքսի ծառայությունների համար։ Այն կապահովի պետական վերահսկողություն, բուժսպասարկում վարորդների համար եւ հավասար հարկային պարտավորություններ»,- պարզաբանել է նա։