Ավարտվեց «Երևան Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի նախաձեռնած «Նորաձևությունը հանուն կանանց առողջության» բարեգործական ծրագիրը, որն իրականացվում էր Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ դիզայներների հետ համագործակցությամբ: Այն նախատեսված էր անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի անվճար կանխարգելիչ հետազոտությունների համար գումար ձեռք բերելու նպատակով։
Շուրջ մեկ ամիս «Երևան Մոլի» կենտրոնական ատրիումում գործում էր ցուցահանդես վաճառք, որտեղ ներկայացված էին հայ դիզայներների արտադրած հագուստն ու աքսեսուարները: Վերջիններիս վաճառքից մարտի 11-ից մինչև ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում գոյացել է 543 000 ՀՀ դրամ գումար, որի 50%-ին «Երևան Մոլն» իր կողմից ևս կավելացնի 750 000 դրամ և կփոխանցի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին: Կենտրոնն էլ իր հերթին ծրագրի շրջանակում գրանցված կանանց մատուցվող ծառայությունների արժեքը կզեղչի 50%-ով, ինչը մոտ 100 կանանց հետազոտվելու հնարավորություն կտա: Հաճախորդի համար հետազոտությունն ամբողջությամբ անվճար կլինի:
«Երևան Մոլը», հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած քաղաքանությանը, հետագայում ևս իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում իրականացնելու է նմանատիպ բարեգործական ակցիաներ:
Երևան Մոլը ներառված է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է 1999-ին, և գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է ընդարձակել իր գործունեության պորտֆոլիոն՝ առևտրի ու սպասարկման ոլորտից բացի ներկայացված լինելով նաև անշարժ գույքի, շինարարության, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։





























