Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առանձնակի առաջընթաց չի արձանագրել, մամուլի ասուլիսում հայտարարել է «Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշել է, որ բանակցությունների շարունակությունն արդեն առաջընթաց է: «Բայց հուսալ, թե Մինսկի գործընթացը կողմերի փոխարեն կլուծի հակամարտությունը, պարզապես միամտություն է: Միեւնույն ժամանակ, հակամարտության կողմերի դիրքորոշումներն այսօր այնքան հեռու են իրարից, որ ինչ-ինչ համաձայնության եւ խնդրի շուտափույթ կարգավորում ակնկալելն անիմաստ է: Դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ կողմերը փոխեն իրենց դիրքորոշումները, բայց բարդ է կարծել, թե Ադրբեջանը երբեւէ կփոխի իր մոտեցումները եւ կհամաձայնվի զիջումներ անել հայկական կողմին»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։

Նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են

-Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

-Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Նշենք, նաեւ որ հանդիպման նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը: