Չարժե գերագնահատել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում ընդունած եռակողմ հայտարարության նշանակությունը, մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա, միաժամանակ, նշել է, որ նման հայտարարության ընդունումը որոշակի առաջընթաց է հայկական կողմի համար, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանը համաձայնվել է Սոչիի փաստաթղթին Մինսկի խմբի ճնշման տակ:

«Բայց մյուս կողմից որեւէ երաշխիք չկա, որ այդ հայտարարության պահանջները կպահպանվեն, հատկապես, որ չեն պահպանվել նախորդ նման փաստաթղթերի դրույթները»,- ասել է փորձագետը:

Անդրադառնալով շփման գծից Ադրբեջանի դիպուկահարների հետքաշման հարցին, Իսկանդարյանը նշել է, որ դա շատ բարդ խնդիր է, քանի որ դիպուկահարները Բաքվի միակ «զենքն» է միջազգային հանրությանը շանտաժ անելու համար: «Միջազգային հանրությունը միտված  կարգավորել այդ խնդիրը»,- ամփոփել է փորձագետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։

Նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են

-Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

-Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Նշենք, նաեւ որ հանդիպման նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը: