Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի 50-ամյա բնակիչ Ատոմ Մկրտչյանը արդեն երրորդ օրն է՝ հացադուլ է անում, պահանջելով՝ 30 տարվա գյուղապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ավագանու անդամ Գոհար Գալստյանը: Նա նշել է, որ համայնքում տասն ամիս առաջ եղել է գյուղապետի ընտրություն, և վերընտրվել է Նորայր Հարությունյանը։
«Հիմա էս մարդը տասը ամսվա ընթացքում մի անգամ ավագանու նիստ չի արել, մի հատ երդման արարողություն է արել ու վերջ: Կուսակցությամբ՝ քամելեոն է. որ ժամանակ ինչ կուսակցություն եղավ իշխանության՝ դրանից է»,- ասաց Գոհար Գալստյանը:
Ըստ ավագանու անդամի՝ գյուղի ջրագծի խողովակները գյուղապետը հանել, տարել է, յուրացրել է գյուղտեխնիկան, աշխատում է առանց համայնքի զարգացման ծրագրի, համայնքի արտադրական տարածքներն ամբողջությամբ գաղտնի աճուրդով վաճառել է, այդ ճանապարհով սնանկացրել է գյուղացիներին, դրա համար էլ համայնքի բնակիչը դիմել է հացադուլի տարբերակին. «Ապացույցներ էլ կան, հիմքեր էլ կան, փաստաթղթերով ամեն ինչ կա: Որտեղ դիմել ենք՝ պատասխան չի եղել, վերջում դիմեցինք մարզպետարան՝ լռվեց, մնաց: Էլ չգիտենք՝ որտեղ բողոքենք, հիմա էլ էս մարդը գնացել է ծայրահեղության: Գյուղապետն էլ ասում է՝ մեռնում ես մեռի, պետքս էլ չես»,- պատմեց նա:
Գոհար Գալստյանի խոսքով՝ Ատոմ Մկրտչյանը տասը ամիս է՝ գյուղապետի հրաժարականը պահանջող համագյուղացիների հետ դիմել է և՛ մարզպետարան, և՛ տարածքային կառավարման մարմին, նամակներ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն դեռ արձագանք չկա:
Գոհար Գալստյանն ասաց, որ ավագանու անդամներից երեքը դեմ է եղել գյուղապետի վերընտրմանը: Վեց ամսվա ընթացքում գյուղապետի ծրագիրը չի ներկայացվել, և ավագանին անվստահություն է հայտնել նրան:
NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ այս երեք օրվա ընթացքում փորձել է հացադուլ անողի հետ հաշտության եզրեր գտնել, սակայն Ատոմ Մկրտչյանը չի ուզում. «Ինքը երեք դատվածություն ունի: Գյուղապետարանից քսան մետրի վրա է իր պալատկան, ամեն օր էլ մոտենում եմ իրեն»,- ասաց գյուղապետը, և նշեց, որ սուտ լուրեր են, թե ինքը ծրագիր չունի, խնդիրն այն է, որ ավագանու անդամները բյուջեն և կանոնադրությունը չեն ընդունել:
Նրա խոսքով՝ ինքն ավագանու նիստ միշտ հրավիրել է, սակայն ավագանու անդամները բոյկոտել են։
« Ներկայանում էին, պահանջում համայնքի ղեկավարի հրաժարականը, և դուրս էին գնում՝ առանց մասնակցելու: Ինձ ընտրել է համայնքի մեծամասնությունը, և ես մեկ անձի պատճառով չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- ասաց Նորայր Հարությունյանը:




























