Հարյուրավոր արժեքավոր գրքեր, փաստաթղթեր եւ ձեռագրեր, որոնք կորել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, վերադարձվել են Գերմանիային՝ հայտնում է The Guardian-ը։

Ինչպես նշում է թերթը, համարվում է, որ թանկարժեք ձեռագրերը նշված ժամանակաշրջանում գողացել են բելգիացի զինվորները։

Աշխատանքները, որոնք անհուսալիորեն կորած էին համարվում, ներառում են հազվագյուտ միջնադարյան ձեռագրեր, 15-րդ դարի քարտեզներ, ինչպես նաեւ՝ թռչնաբանությանը վերաբերող նկարազարդ գրքեր, որոնք պատկանել են հայտնի գերմանացի ճանապարհորդ եւ բնագետ, արքայազն Մաքսիմիլիան Վիդ-Նորվիդին։

Բոնի համալսարանի եւ տարածաշրջանային գրադարանի ձեռագրերի եւ հինավուրց գրքերի մասնագետ Մայքլ Հերքենհոֆը ձեռագրերի վերադարձն անվանել է «հսկայական անակնկալ»։ Նրա խոսքերով, գրադարանի ողջ պատմության ընթացքում սա ամենախոշոր համալրումն է։