Հանրային հեռուստառադիոընկերության շենքի մոտ այսօր՝ ապրիլի 12-ին բողոքի ակցիա է իրականացրել «Հայկական արժեքների պաշտպանության Կամք» ՀԿ-ն: Նրանց պահանջն էր բացատրություն են պահանջել Հանրային Հեռուստաընկերության ղեկավարությունից՝ ապրիլի 5-ին ԱԺ լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթը Հ1-ով հեռարձակելու համար:

Ակցիայի մասնակիցներին կան պաստառներ. «Ստոպ Սորոս», «Ազատություն Կարեն Ղազարյանին»:

Կազմակերպության ներկայացուցիչներից Վահագն Չախալյանն ասաց. «Հայրենասիրության ոչ մի նշույլ Հանրային հեռուստատեսությունում չկա: Մեզ չի բավարարում մեդիա դաշտի քարոզը: Էսօր հասել ենք նրան, որ քննարկում ենք՝ արդյոք այդ մարդիկ ունեն իրավունքներ, թե չունեն»:

Իսկ երբ Հ1-ի լրագրողը պնդեց, որ իրենց հեռուստաընկերության եթերում այդ ելույթը չի ցուցադրվել, Չախալյանն արձագանքեց. «Եթե զրպարտում ենք, դիմեք դատարան: Այնքան երես են առել, որ օրը ցերեկով մտան ոստիկանության տարածք, հարձակվեցին ոստիկանների վրա»:

Հարցին, թե ինչո՞ւ պետք է Հանրային հեռուստաընկերությունը նաեւ այլ լրատվամիջոցները իրենց այս ակցիան լուսաբանեն, իսկ մյուս կողմից խոսքը չլուսաբանեն, Չախալյանը պատասխանեց. «Մեր ակցիաները ամսիներ շարունակ հանրայինը չի լուսաբանել, հիմա եկել ենք իրենց դուռը, ստիպված լուսաբանում է: Հայաստանում բազմաթիվ խմբեր կան, որոնք լուրջ խնդիրներ ունեն, մենք հորդորում ենք Հանրայինին թող իրենց ռեսուրսներով նրանց լուսաբանի»:

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն էլ ասաց. «Ես խոսել եմ մասնագետների, իրենք ասում են, սա ընտրություն է, հիվանդություն չի: Մարդիկ էլ կան թմրանյութն են ընտրում, հիմա իրենց մասին էլ ասենք՝ նարկոմանների կամ հանցագործների համայնք է  ձեւավորվո՞ւմ: Այս ամենի մեջ խառն է Սորոսի մատը, ԵՄ-ի մատը»:

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՄԱԿ եւ ԵՄ Հայաստանյան գրասենյակներ՝ բողոքելու, որ այդ կառույցները միջամտում են Հայաստանի ներքին գործերին: