Մենք առաջարկում ենք հեռարձակման բոլոր ալիքներով սահմանափակել վիճակախաղի յուրաքանչյուր կազմակերպչի գովազդը, ներառյալ հովանավորի մասին հիշեցումը: Այս մասին ապրիլի 12-ին Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Գովազդի մասին» եւ «Վիճակախաղերի, համացանցում վիճակախաղերի եւ խաղատների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են նման գովազդը թույլ տալ միայն 21:00-ից մինչեւ 06:00: «Ինչպես նաեւ ռադիոյով 08:00-ից մինչեւ 20:00, բացի մարզական իրադարձությունների հեռարձակումից: Ընդ որում՝ մենք ցանկանում ենք հեռուսատեսությամբ ազարտային խաղերի գովազդն արգելել մանկական ծրագրերը սկսվելուց մեկ ժամ առաջ եւ մեկ ժամ ավարտվելուց հետո»,- պարզաբանեց Հակոբյանը: Նա նշեց, որ մեկ ժամվա ընթացքում նման գովազդը չպետք է հեռարձակվի 2 անգամից ավելի, իսկ դրանց ընդհանուր տեւողությունը չպետք է գերազանցի 60 վայրկյանը: Պատգամավորն առաջարկում է նշված պահանջների խախտման դեպքում պատժամիջոցներ կիրառել՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով տուգանք:
Այս առաջարկը հարուցեց մնացյալ խորհրդարանականների մտահոգությունը: Այսպես՝ նրանցից ոմանք նշեցին, որ օրինագծերի այս փաթեթը, փաստորեն, ռադիոկայաններին կկանգնեցի փակվելու սպառնալիքի առաջ: Ընդ որում՝ նրանք ընդգծեցին, որ երկրում գործող ռադիոկայանների դրությունը եւ ապագան առանց այն էլ անամպ չէ, քանի որ քաղաքացիներն ավելի շատ են հեռանում դեպի համացանց:
Նրանք նաեւ հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչ կպատահի մամուլի ակումբներին, քանի որ հաճախ դրանց գոյությունն ապահովվում է գեվազդային պաստառների հաշվին, որոնք, որպես կանոն, տեղադրվում են վարողների թիկունքում:
Չնայած այս մտահոգություններին եւ արտահայտած փաստարկներին, Հակոբյանն անդրդվելի մնաց: «Եթե իմ կամքով լիներ, ես կարգելեի եւ կչեղարկեի ցանկացած գովազդ, որը կոչ է անում մասնակցել ազարտային խաղերի՝ լինի դա ռադիոյով, հեռուստատեսությամբ, թե համացանցում: Սակայն համացանցի դեպքում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Համացանցում գովազդի դեմ պայքարը չափազանց ծախսատար է: Ուստի առաջարկում եմ գովազդի դեմ պայքարել այն ոլորտներում, որտեղ ի զորու ենք: Բայց ես չեմ առաջարկում վիճակախաղերի եւ ազարտային խաղերի գովազդն ամբողջությամբ արգելել: Ես ընդամենը առաջարկում եմ այս ոլորտը կարգավորել»,- ապարզաբանեց հիմնական զեկուցողը:
Հարցին՝ սա արդյոք չի՞ հանգեցնի մի շարք լրատվական գործակալությունների եւ մամուլի ակումբների փակմանը, Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, թե հնարավոր է, բայց դա արդեն չպետք է մտահոգի, քանի որ պետք է հետեւել այլ նպատակների եւ մտահոգվել առաջին հերթին բնակչության բարեկեցության համար:
Այդուհանդերձ, խորհրդարանական հանձնաժողովի անդամները հետաձգեցին եզրակացություն ընդունելը՝ օրինագծերը ուղարկելով լրամշակման:





























