Կատարն աջակցում է Պարսից ծոցում ճգնաժամի կարգավորման Քուվեյթի նախաձեռնություններին: Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին՝ ընդգծելով, որ իր երկիրը կարող է վերահսկել այս ճգնաժամը, քանի որ այն Դոհան չի հրահրել, փոխանցում է Middle East Monitor-ը:

Ալ Թանին նշել է, որ սաուդցիներին ողջունում են 2022 թվականի աշխարհի առաջնությանը, որը պետք է տեղի ունենա Կատարում, եւ ցանկացած այլ ժամանակ՝ ընդգծելով, որ Կատարը չի խոչընդոտել Պարսից ծոցի երկրների քաղաքացիների այցերին՝ ի տարբերություն այն երկրների, որոնք Կատարի դեմ էմբարգո են սահմանել:

Ալ Թանին հույս է հայտնել, որ «իմաստնությունը կգերիշխի, եւ Ծոցում ճգաժամը կավարտվի»: Նա շեշտել է,որ «Կատարը բաց է երկխոսության համար, որը պետք է հաշվի առնի միջազգային իրավունքը եւ յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունը՝ առանց արժանապատվությանը վնաս հասցնելու»: «Մենք նախկինի պես անհամբերությամբ ենք սպասում համագործակցության ուժեղ խորհրդի ստեղծմանը եւ նախկինի պես հարաբերությունների վերականգնման հույս ունենք»:

2017 թավականի հունիսին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը Կատարի հետ հարաբերությունները խզել էին՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան այս մեղադրանքները հերքում է: