Մեր դժբախտությունը կոռուպցիան չէ, այլ այն, որ հայ հանրությունն ապրում է անցյալով: Ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ նման բան եղավ նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ մարդիկ նախկին պետության կարոտաբաղձությամբ էին համակված. «Նույնը տեղի է ունենում նաեւ ներկայիս իշխանությունների մոտ, որոնք ժողովրդին մշտապես հիշեցնում են անցյալ տարվա իրադարձությունների մասին»:
Բաբայանը շեշտեց, որ փոփոխություններ պետք է կատարվեն բոլոր ուղղություններով, չպետք է սպասել, որ ինչ-որ ոլորտում փոփոխություններ տեղի կունենան, եւ միայն հետո կկարողանանք անցնել մյուս ոլորտի խնդիրների լուծմանը: «Դրա համար էլ պետական մարմիններ գոյություն ունեն, որոնք առանձին-առանձին պետք է զբաղվեն որոշակի ոլորտի զարգացմամբ: Անհրաժեշտ է բոլոր փոփոխությունների կենտրոնում մարդուն դնել: Սա վերաբերում է նաեւ քաղաքական ոլորտին: Այս իմաստով արդար ընտրությունների անցկացումը կարեւոր է իշխանության ձեւավորման տեսակետից, որի համար պատասխանատվություն կկրի յուրաքանչյուր առանձին քաղաքացի, որը տվել է իր ձայնը»,- հավելեց Ռուբեն Բաբայանը:




























