Միհրան Պողոսյանի վերաբերյալ հարուցված նոր քրեական գործով ձեռք էին բերվել տվյալներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես դրա հիման վրա վերացնեմ նախկինում կայացված որոշումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ գործը նորից վերաբացվեց:
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի վերաբերյալ գործի վարույթը կարճվել էր 2017թ. հունվարիին: Իսկ օրեր առաջ ՀՔԾ-ն հայտարարեց Պողոսյանի վերաբերյալ քննվող նոր քրեական գործի մասին, որի շրջանակներում Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել նաև Օֆշորային մեքենայությունների համար:
«Քրեական գործով այս կամ այն որոշում կայացնելու հիմքերը՝ գործում առկա փաստական տվյալներնն են: Վերջերս հրապարակվեց Միհրան Պողոսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակը, եթե նկատեցիք, մենք այնտեղ ունեինք հանցագործության դրվագներ, որոնք նախկինում հարուցված քրեական գործի շրջաննեկոնում չէին եղել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե կարելի է փաստել, որ հեղափոխությունից հետո դատախազությունն ավելի անկաշկանդ է գործում, Արթուր Դավթյանը պատասխանեց.
«Նախկինում չի եղել որևէ ճնշում, հանգամանք,Միհրան Պողոսյանի գործը վերաբացելը բացառապես քրեական գործի տվյալներով պայմանավորված է եղել»,-ասաց գլխավոր դատախազը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։
Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:




























