Մենք կարծում ենք, որ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է դառնա Էկոնոմիկայի նախարարության անբաժանելի մասը: Ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արթուր Գրիգորյանի՝ նման կարեւոր գերատեսչության լուծարման նպատակահարմարության մասին հարցին:
Նրա խոսքով՝ նրանք վստահ են, որ գյուղատնտեսությունը նույնպես տնտեսության մաս է, իսկ տվյալ գերատեսչության օպտիմալացումը կնպաստի պետական միջոցների տնտեսմանը:
«Մեր նպատակն է ապահովել նաեւ միջոցների տնտեսումը եւ աշխատանքի արդյունավետությունը եւ արտադրողականության բարձրացումը, ինչպես նաեւ արագացնել վերջնական արդյուքների ձեռքբերումը», - վստահեցրեց Զեյնալյանը:
Նա նաեւ հավելեց, որ մինչեւ նախարարությունների օպտիմալացումը պետական ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատակցիների կրճատումներ էին կատարվել, քանի որ նրանց աշխատանքն անիմաստ էր:
«Հնարավոր է՝ նրանց պահում էին նախորդ իշխանությունների վերընտրության համար: Այդ մասին արդեն խոսվել է: Մի քանի տասնյակ մարդ միանգամից կրճատման տակ կհայտնվեն, մինչեւ որ մի շարք նախարարություններ միավորվեն:
Խոսքը քաղաքական պաշտոնների մասին է: Եվ ի դեպ մի քանի հարյուր մարդ ոչ թե գործազուրկ կլինեն, ինչպես շատերն են ասում, այլ ռեզերվ կգնան՝ օրենքի պահանջներին եւ նորմերին համապատասխան», - ասաց նախարարը՝ հավելելով, որ դա ոչ մի ընդհանուր բան չունի գործազրկության հետ:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի, վերացնելով մշակույթի, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական ռեսուրսների, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունները:




























