Մենք տվյալներ չունենք այն մասին, թե որքան միջոցներ կհաջողվի տնտեսել նախարարությունների լուծարման արդյունքում

Ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին:

Նրա խոսքով՝ դժվար թե որեւէ մեկը կարողանա այդ հարցին կոնկրետ պատասխան տալ:

«Ոչ ոք չի կարող հաշվել, թե որքան միջոցներ կարելի է տնտեսել, քանի որ դա բավականին դինամիկ գործընթաց է: Անհնար է չոր հաշվարկ անցկացնել, քանի որ համապատասխան մեխանիզմները բացակայում են», - ասաց Զեյնալյանը:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի, վերացնելով մշակույթի, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական ռեսուրսների, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունները: