Գործում է առցանց նոր համակարգ, որին միացած են Հայաստանում գործող տեխզննման բոլոր կենտրոնները, եւ այս պահին տեխզննության արդյունքները վերաբերում է 73 հազար ավտոմեքենայի: Այս մասին մեկ տարվա արդյունքները ամփոփելիս հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Ըստ Արշակյանի՝ այս համակարգի նպատակն է՝ ունենալ մեքենաների վիճակի ամբողջական բազա՝ օնլայն։ «Դա հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննման կտրոնների մշակույթից, տիրապետել տրանսպորտային պարկի հնարավորություններին, կանխարգելել վթարները։ Համակարգը պատրաստ է։ Այս պահին ի՞նչ է պակասում. պակասում է օրենսդրական բազան, որով ոլորտը կկարգավորվի, թե ինչպիսի հարաբերություներ պետք է ունենա մեքենայի տերը պետության հետ»,- ասաց  Հակոբ Արշակյանը, նշելով, որ օրենսդրական բազան այս տարի կլինի, որպեսզի հնարավորություն ընձեռվի շարժվել առաջ:

Արշակյանն ընդգծեց, որ ոլորտն ազատական է, եւ ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարություն, ստանալ լիցենզիա, որն իրեն թույլ կտա միանալ այս համակարգին և տեխզննմամբ զբաղվել։