«Արարատցեմենտ» ընկերության կողմից այս օրերին արված հայտարարությունները ու կատաղի պայքարը հետապնդում են մեկ նպատակ՝ քաղաքական ու տնտեսական շանտաժի միջոցով հասնել նրան, որ շուկայում «Արարատցեմենտը» չունենա մրցակիցներ: Այս մասին ասված է «Գաջ» ՓԲ ընկերության աշխատակազմի ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Սկզբում Արարատցեմենտը պայքարում էր ցեմենտի ներմուծման դեմ, իսկ հիմա ձգտում է ավելիին. պայքարում է, որ տուրք սահմանվի նաեւ հումքի համար, դրանով իսկ պայքարում է նաեւ իր մրցակից տեղական այլ արտադրողների դեմ: Կարծում ենք, որ յուրաքանչյուր անաչառ դիտորդի համար պարզ է, որ Արարատցեմենտ ընկերության կողմից այս օրերին արված հայտարարությունները ու կատաղի պայքարը հետապնդում են մեկ նպատակ. քաղաքական ու տնտեսական շանտաժի միջոցով հասնել նրան, որ շուկայում Արարատցեմենտը չունենա մրցակիցներ։
Արարատցեմենտը չի պայքարում ցեմենտի տեղական արտադրությունը զարգացնելու համար, այլ իրականում պայքարում է այնպիսի իրավակարգավորումների հասնելու համար, որը ձեռնտու կլինի միայն իրենց ընկերությանը: Համոզված ենք, որ սրանք չեն այն նպատակները, որոնք դրվել են ցեմենտի ներմուծման համար պետական տուրք սահմանող օրենքի նախագծի հիմքում: Համոզված ենք, որ այդպիսի նպատակները չեն բխում ՀՀ ժողովրդի շահերից:
Անընդունելի է, որ ընկերությունը, որը գերիշխող դիրք ունի ցեմենտի շուկայում, ամեն գնով, այլ ընկերության օրինական շահերի ոտնահարման եւ պետությունից միայն իրեն պաշտպանող պետական քաղաքականություն ակնկալելու միջոցով փորձում է հասնել մոնոպոլ դիրքերի:
Մեր ընկերությունը չափազանց բարձր է գնահատում տեղական արտադրողներին պաշտպանելու եւ աջակցելու պետության ներկայիս պատրաստակամությունը եւ հուսով ենք քննարկվող օրենքների նախագծերը կընդունվեն: Արարատի ցեմենտի գործարանը, ինչպես նաեւ մյուս արտադրողները, այդ թվում՝ մեր գործարանը, հավանական է կփակվեն ժամանակի ընթացքում, եթե այս օրենքները չընդունվեն: Այս իրավիճակում ողջունելի կլիներ խնդրի շուրջ տեղական ցեմենտ արտադրողների համատեղ քննարկումները, ցեմենտի արտադրության զարգացմանն ուղղված համատեղ առաջարկների մշակումները: Սակայն դրա փոխարեն մեկ ընկերության կողմից կատարվում են մեկ այլ` անհամեմատ ավելի փոքր ընկերությանը ոչնչացնելու փորձեր: Այս իրավիճակում չափազանց մեծ է պետության դերը եւ համոզված ենք, որ կընդունվի օրենք ՀՀ տնտեսական շահերը հաշվի առնելով, այլ ոչ թե կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի:
Չնայած մեզ երբեւէ առաջարկ չի արվել, սակայն մեր ընկերությունը պատրաստ է բանակցել Արարատցեմենտ ընկերության հետ կլինկերը Իրանից ներմուծելու փոխարեն իրենից ձեռք բերելու համար: Ընդ որում, համոզված ենք, որ Արարատցեմենտը իր տնտեսական շահերը հաշվի առնելով հանդերձ, իր կլինկերի համար կարող է ավելի ցածր գին առաջարկել մեզ, քան մենք վճարում ենք կլինկերի, դրա մաքսազերծման ու փոխադրման համար միասին: Սակայն պարզ է, որ այդպիսի բանակցությունները կարող են առարկայական լինել միայն այն իրավիճակում, երբ օրենքը այս տեսքով կընդունվի եւ բաց կմնան կլինկերի ներմուծման ճանապարհները:
Չցանկանալով խնդիրը անհատականացնել, այնուամենայնիվ նշենք, որ մեր գործարանի 120 աշխատակիցներն էլ են մարդ, նրանք էլ են ցանկանում աշխատել, ապրել եւ չեն ցանկանում ինչ որ մանիպուլյացիաների զոհ դառնալ…
Մենք նույնպես բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մեր գործարան՝ ներկայացնելու արտադրական ամբողջ պրոցեսը, որից հետո վերջապես կպարզվի մենք արտադրական պրոցես իրականացնող ենք, թե ընդամենը կլինկեր «աղացող», ինչպես որ փորձում են մեզ ներկայացնել»,–ասված է աշխատակազմի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բուռն քննարկում էր տեղի ունեցել կառավարության ներկայացրած Պետական տուրքի եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ։ Օրինագծերով կառավարությունն առաջարկում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել՝ 22000 դրամ, ինչը դժգոհություն առաջացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում։ Բացի այդ, որոշվել էր ցեմենտի հումքից (կլինկերից) հանել հարկումը։
Օրերս «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա էին դուրս եկել։ Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է:
Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործարանում ստեղծված իրավիճակի «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է», որով կլինկերը՝ ցեմենտի ամենաթանկ հումքը, ազատվում է մաքսատուրքից: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա, ինչը ձեռնառու չէ «ԱրարատՑեմենտին»:
Այնուհետեւ, սակայն, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է, որ կրճատումներ չեն լինի:





























