Հայաստանի եւ Լատվիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններն ունեն ոչ երկարատեւ՝ 20-ամյա ժամանակագրություն, սակայն 2 ժողովուրդների միջեւ սերտ շփումների պատմությունը չի սահմանափակվում այդ կարճ հատվածով: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը մարտի 9-ին Ռիգայում իր պատվին տրված պաշտոնական ընթրիքի բաժակաճառի ժամանակ: Ընթրիքը տրվել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի եւ տիկին Լիլիտա Զատլերեի անունից:
Սերժ Սարգսյանը բաժակաճառի ժամանակ նաեւ ասել է.
«Պատմական զարգացումների բերումով հայերը հայտնի են որպես միջնորդներ Արեւելքի եւ Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի միջեւ շփումներում: Լատվիան չէր վրիպել հայ վաճառականների ուշադրությունից, եւ հայ առեւտրային կապիտալը 19-րդ դարի վերջից ի վեր ներկայություն էր հաստատել այս հյուրընկալ երկրում: Այսօր էլ Լատվիայում բնակվում, աշխատում եւ ստեղծագործում են ավելի քան չորս հազար հայեր, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հայ-լատվիական մերձեցմանը, շփումներին նպաստելու համար։
Լատվիահայ համայնքը, սակայն, մեր երկրները կապող բազմաթիվ թելերից մեկն է միայն: Հայաստանն ու Լատվիան շատ առումներով նման երկրներ են: Ի նկատի չունեմ միայն տարածքի ու բնակչության համադրելի լինելու հանգամանքը: Հայաստանը եւս Լատվիայի պես ընտրել է զարգացման եվրոպական ուղին: Մենք դավանում ենք միեւնույն արժեքները, որոնք խարսխված են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա: Բացի այդ, մեր երկրները հարուստ չեն բնական պաշարներով, ուստի եւ մենք պարտավոր ենք լինել ճկուն եւ աշխատասեր` մեր զարգացումը կապելով մարդկային կապիտալի, մարդկանց ստեղծագործ հնարավորությունների հետ: Այս ամենին, թերեւս, կարող ենք նաեւ գումարել մեր ընդհանուր անցյալը, եւ կունենանք այն իրական պատկերը, որը մեզ համատեղ առաջ շարժվելու ամուր հիմքեր է տալիս: Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք մեր երկու ժողովուրդների ուղղակի շփումները խրախուսելու, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, մշակութային եւ մի շարք այլ բաղադրիչները բովանդակալից դարձնելու ուղղությամբ:
Ես անձամբ շատ ջերմ տպավորություններ եմ պահպանել երիտասարդ տարիներին Լատվիա կատարած իմ այցելություններից։ Դոմյան տաճարը, Ռիգայի հին քաղաքի գեղեցիկ ճարտարապետությունը, մարդկանց սիրալիր ու բարյացկամ վերաբերմունքը եւ, վերջապես, խոր արմատացած եվրոպական պատկանելությունը դրոշմվել են ոչ միայն իմ, այլեւ շատ հայ այցելուների հիշողությունում։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ հետագայում՝ արդեն անկախության տարիներին, երբ ես Ռիգա այցելեցի որպես անկախ Հայաստանի պաշտպանության նախարար, համոզվեցի, որ ձեր հրաշալի մայրաքաղաքը տարեցտարի ավելի ու ավելի է գեղեցկանում:
Միմյանց մշակույթի, արվեստի եւ գրականության հանդեպ մեր ժողովուրդների հետաքրքրությունը հարուստ պատմություն ունի: Լատվիացի ժողովրդի մեծ զավակ եւ հայ ժողովրդի լավ բարեկամ Մարիս Չակլայսի թարգմանությունների շնորհիվ Լատվիայի հասարակությունը կարողացավ ճանաչել հայ գրականությունը: Ուրախ եմ, որ մեր մշակույթի նախարարությունները կարողացել են ըստ արժանվույն գնահատել այս փոխառնչությունները եւ այսօր վերակենդանացնում են լավագույն ավանդույթները` նպաստելով մշակութային շփումների աշխուժացմանը:
Լատվիայի հետ հարաբերությունները կառուցելիս հաշվի ենք առնում ոչ միայն համատեղ անցյալը, այլեւ մեր համատեղ ապագան: Այսօր Լատվիան մեզ համար ոչ միայն բարեկամ է, այլեւ կարեւոր գործընկեր Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում: Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու իր հանձնառությանը եւ այդ տեսանկյունից էապես արժեւորում է Լատվիայի աջակցությունը եւ պատրաստակամությունը՝ սատար կանգնելու եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի մերձեցման ջանքերին: Ընդ որում, մենք Լատվիան դիտում ենք որպես Հայաստանին եւ Եվրամիությանը կապող ոչ միայն քաղաքական, այլեւ կարեւոր տնտեսական օղակ։
Տիկնա´յք եւ պարոնա´յք,
Դեպի ապագան ուղղված այս շեշտադրմամբ էլ խնդրում եմ ինձ հետ բաժակ բարձրացնել ի պատիվ
- հյուրընկալ տանտերերի՝ Լատվիայի Նախագահ պարոն Վալդիս Զատլերսի եւ տիկին Լիլիտա Զատլերեի,
- Հայաստանի եւ Լատվիայի ժողովուրդների պայծառ ապագայի եւ
- հայ-լատվիական բարեկամության»:




























