Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Լատվիա, նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր հանգրվան են երկկողմ հարաբերություններում: Այս մասին մարտի 9-ին Ռիգայում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ իր լատվիացի գործընկերոջ՝ Գիրտս Վալդիս Կրիստովկիսիի հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Նալբանդյանը Ռիգայում է գտնվում պաշտոնական այցով Լատվիա ժամանած ՀՀ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս այցելությունը վկայում է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու երկկողմ պատրաստակամության մասին:
Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Էդվարդ Նալբանդյանն ու Գիրտս Վալդիս Կրիստովկիսը անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, քննարկեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Լատվիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Էդվարդ Նալբանդյանը Գիրտս Վալդիս Կրիստովկիսին հրավիրել է այցելել Հայաստան:





























