Հայաստանում կա արտոնյալ դաս, որն անպատիժ խախտում է օրենքները, չի վճարում հարկերը, բայց կառավարությունն ու իշխանությունները որեւէ միջոց չեն գործադրում նրանց նկատմամբ: Այդ մասին Հայաստանի զինված ուժերի կարգապահական կանոնագրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանում կայացած լսումներում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Այդ համատեքստում նա կասկած է հայտնել, որ նոր կանոնագիրքը, ինչպես եւ այլ օրենքներ չեն խախտվի:
«Դեռ մի քանի տարի առաջ, երբ մեզ հարցնում էին, թե ո՞րն է ամենակայացած հաստատությունը Հայաստանում, մենք, անկախ կուսակցական պատկանելությունից, առանց կասկածելու պատասխանում էինք` բանակը: Այսօր այդ հարցին միանշանակ պատասխանելը բարդ է, քանի որ բանակում էլ հայտնվել է արտոնյալ դաս, որին թույլատրված է խախտել օրենքները, կաշառքներ վերցնել, ստորացնել եւ նվաստացնել զինծառայողներին»,- ասել է Հովհաննիսյանը:





























