ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ երկրի առաջին տիկին Միշել Օբաման սոցիալական կայքում տեսանյութով դիմել են ամերիկացի ժողովրդին, որտեղ կոչ են անում պայքարել բուլինգի (հոգեկան ճնշման, ագրեսիվության եւ ծաղրի) դեմ։
«Երկար ժամանակ բուլինգին վերաբերում էին որպես հասունացման ընթացքում անխուսափելի դրսեւորվող երեւույթ, սակայն մենք հաճախ ենք ականատես լինում, թե ինչ վնաս այն կարող է հասցնել մեր երեխաներին, հատկապես եթե այն երեխաներին հետապնդում է դպրոցական տարիքում, բջջային հեռախոսների կամ համակարգչի միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ «Բուլինգի կանխումը մեր բոլորի պարտքն է»-նշել է Օբաման։
ԱՄՆ նախագահի եւ նրա տիկնոջ տեսաուղերձը կայացել է բուլինգի դեմ պայքարին նվիրված համաժողովից առաջ, որը սկսվում է այսօր՝ մարտի 10-ին Սպիտակ տանը։ Համաժողովն online ռեժիմով կցուցադրվի Սպիտակ տան բլոգում եւ Facebook-ում։



























