Բուլղարիայում դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել տղամարդու, որը մեղադրվում է լրագրողուհու բռնաբարության եւ սպանության մեջ, տեղեկացնում է AP-ը։

21-ամյա Սեւերին Կրասիմիրովը դատարանի առջեւ է կանգնել ձեռնաշղթաներով եւ ուժեղացված հսկողության ներքո։ Նա իրեն մեղավոր է ճանաչել եւ պահանջել է արագ դատավճիռ կայացնել։

Վիկտորյա Մարինովայի մարմինը հայտնաբերվել է Դունայ գետի մոտ, Ռուսայում, անցած տարվա հոկտեմբերի 6-ին։ Քննիչները հայտարարել են, որ նրան բռնաբարել են, խփել գլխին ու խեղդել։

Քննիչները եզրակացրել են, որ Կրասիմիրովը գործել է մենակ։

Նա ձերբակալվել է Գերմանիայում, արտահանձնվել Բուլղարիային սպանությունից մեկ շաբաթ հետո։

Մեղքն ընդունելով՝ Կրասիմիրովը խուսափել է առավելագույն պատժից՝ ցմահ բանտարկությունից։