Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկից մեկնելուց առաջ ուրբաթ համտեսել է ռուսական կերակուրները այն նույն ռեստորանում, որտեղ 17 տարի առաջ եղել է նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, լրագրողներին ասել է Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ընդունելություն էր նահանգապետի անունից այն նույն ռեստորանում՝ «Անտառային ագարակում», որտեղ 2002-ին եղել է նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, եւ կերակրացանկն էլ նույնն էր, կատարվեցին ռուսական ժողովրդական երգեր, որոնք նրանք հիանալի գիտեն եւ սիրում են։ Մենք, իհարկե, ջանացել էինք նմանություն ապահովել, եւ ինձ թվում է, որ դա հաջողվեց, ես ճանապարհին ցույց տվեցի նաեւ «Մորանբոն» ռեստորանը, որը բացել է նրա պապը՝ նախագահ Կիմ Իր Սենը», եւ նա ասաց, որ հաջորդ անգամ այնտեղ կգնա»,- նշել է նահանգապետը։

«Անտառային ագարակ» ռեստորանը գտնվում է Վլադիվոստոկի մուտքի մոտ։ Այստեղ մատուցում են ռուսական ու որսորդական խոհանոցի կերակուրներ՝ արջամիս, վայրի այծի միս, վարազ, ծովամթերքներ՝ կաղամարներ, ոստրեներ եւ այլն։

Վլադիմիր Պուտինի եւ Կիմ Չեն Ընի բանակցությունները տեղի են ունեցել հինգշաբթի, Վլադիվոստոկի Ռուսկի կղզում։ Ղեկավարները հանգամանալիորեն քննարկել են միջպետական հարաբերությունների հեռանկարները եւ Կորեական թերակղզու հետ կապված խնդիրները։ Վլադիվոստոկի գագաթաժողովը Պուտինի եւ Կիմ Չեն Ընի առաջին անձնական հանդիպումն էր։

Ուրբաթ Կիմ Չեն Ընի զրահագնացքը մեկնեց Վլադիվոստոկից եւ ուղեւորվեց Հյուսիսային Կորեա։