Սերբիայի վարչապետ Աննա Բրնաբիչը հայտնել է այն պայմանը, որի կատարման դեպքում սերբական կողմը պատրաստ է բանակցությունները վերսկսել Կոսովոյի չճանաչված պետության հետ:

Նա Blic պարբերականին ասել է, որ Կոսովոյի իշխանություններն առաջին հերթին պետք է չեղարկեն Սերբիայից արտահանման վրա սահմանված մաքսատուրքերը: 

Բրնաբիչը նշել է, որ Բեռլինի գագաթնաժողովի ժամանակ Սերբիայի իշխանությունները մտադիր են ապացուցել, որ իրենք «կայուն, կանխատեսելի եւ հուսալի գործընկեր են՝ երկխոսությանը հավատարիմ եւ բանակցություններին պատրաստ»:

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր Բեռլինում տեղի ունենալիք Արեւմտյան Բալկանների երկրների գագաթնաժողովում հանուն իր երկրի պայքարելու մտադրության մասին:

Վերջին շրջանում Կոսովոյի չճանաչված պետությունը Սերբիայի դեմ ուղղված մի շարք քայլեր է իրականացրել, մասնավորապես՝ որոշում է ընդունել սեփական բանակ ստեղծելու մասին եւ սերբական ապրանքների համար 100 տոկոսի մաքսատուրք է սահմանել, իսկ այնուհետեւ դրանք ընդլայնել է: