Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն տեղեկացրել է, որ մտադիր է երկրի մայրաքաղաքը տեղափոխել Ջակարտայից այլ քաղաք։ Այս մասին պետության ղեկավարն ասել է կառավարության խորհրդակցությունում, տեղեկացնում է Kompas պորտալը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ջակարտան, հավանաբար, չի կարողանա երկու կարեւոր խնդիր լուծել՝ լինել միաժամանակ ֆինանսական եւ քաղաքական կենտրոն»,- ասել է նախագահը։ «Երեք պետություն արդեն արել է դա»,- ասել է Վիդոդոն։
Նա կարծում է, որ պետք է ճիշտ ընտրել նոր մայրաքաղաքի տեղը։
Պորտալի տվյալներով՝ կառավարությունն արդեն երեք վայր է ընտրել՝ Պալանկարայա, Թանահ Բումբու եւ Փենաջամ նահանգներում։
Ինչպես տեղեկացրել է Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Բամբանգ Բրոջոնեգորոն, մայրաքաղաքի տեղափոխումը կարող է տասնյակ տարի տեւել։
Ինդոնեզիայի ներկա մայրաքաղաքը՝ Ջակարտան, լուրջ խնդիրներ ունի՝ կապված քաղաքային ենթակառուցվածքի թերզարգացածության հետ։ Uber ընկերության տվյալներով՝ Ինդոնեզիայի մայրաքաղաքում խցանումները ամենաբարձրն են Ասիայում։ Inrix ընկերության տվյալներով՝ Ջակարտան 12-րդն է աշխարհի ամենածանրաբեռնված մեգապոլիսների շարքում։
Քաղաքը խիստ գերբնակեցված է։ Վիդոդոն եղել է Ջակարտայի քաղաքապետը 2012-2014 թվականներին, ընդհուպ մինչեւ նախագահ ընտրվելը։
Ապրիլի 17-ին Ինդոնեզիայում տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ։ Ներկա պահին հաշվվել է ընտրաթերթիկների մոտ 50 տոկոսը, երկրի գործող նախագահն առջեւում է, նա միակ մրցակցից առաջ է առնվազն 10 տոկոսով։ Փորձագետների կարծիքով՝ մայրաքաղաքը տեղափոխելու հարցի որոշումը կընդունվի արդեն Վիդոդոյի երկրորդ ժամկետով ընտրվելուց եւ երդմնակալությունից հետո, որը նախատեսված է հոկտեմբերին։




























