Երկուշաբթի Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան Չանդանա Վիքրամարանթեին նշանակել է ոստիկանապետի նոր պաշտոնակատար, նշված է պետության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Գերատեսչության նախկին ղեկավար Փուջիթհ Ջայասունդարան պաշտոնը լքել էր անցած ուրբաթ, իսկ դրանից մեկ օր առաջ հրաժարական էր ներկայացրել երկրի պաշտպանության նախարարության քարտուղար Խեմասիրի Ֆերնանդոն: Ուժայինների ղեկավարության շրջանում կադրային վերադասավորումները տեղի են ունեցել վերջերս իրագործված ահաբեկչություններից հետո: Նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ո՛չ ոստիկանապետը, ո՛չ ՊՆ քարտուղարը իրեն հետախուզական ծառայությունների զեկույցը չեն ներկայացրել եկեղեցում եւ զբոսաշրջիկների կուտակման վայրերում հնարավոր հարձակումների մասին:

Շրիլանկյան Ada Derana պարբերականը, վկայակոչելով կառավարական աղբյուրներին, հայտնել էր, որ երկրի ոստիկանության նախկին ղեկավար Ջայասունդարան ուղարկվել էր հարկադիր արձակուրդի: Դրանից բացի, երկրում նշանակվել էր նոր գլխավոր դատախազ՝ գերատեսչության նախկին ղեկավարի տեղակալ Դապուլա դե Լիվերան, ինչպես նաեւ ՊՆ-ին կից նոր խորհրդական՝ ոստիկանության նախկին ղեկավար Իլանգակուն:

Երկուշաբթի Շրի Լանկայի նախագահը երկրի բանակի նախկին հրամանատար, գեներալ Շանթհու Կոտեգոդային նշանակել է պաշտպանության նախարարության նոր նախարար:

Անցյալ շաբաթ Շրի Լանկայում  իրավիճակը կտրուկ վատթարացել էր: Ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի, տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը, որը, առողջապահության նախարարության տվյալներով, խլել է 250-560 մարդու կյանք: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել է, որ, իշխանությունների տեղեկություններով, կղզային պետության տարածքում գործում է այդ կազմակերպության շուրջ 130-140 անդամ: Քննության վարկածով՝ ահաբեկչությունների շարքի իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է: Շրի Լանկայի ԱԳՆ տեղեկություններով՝ զոհվածների թվում 40 արտասահմանցիներ կան: