Կիրակի Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը (ԻՍԱԿ) կփորձի ինքնուրույն կառավարություն ձեւավորել, բայց պատրաստ է մյուս քաղաքական ուժերի հետ երկխոսություն վարել, հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Կարմեն Կալվոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կփորձենք, քանի որ անչափ կարճ ժամկետում մարդիկ մեզ լավ հասկացան»,- հայտարարել է Կալվոն Cadena Ser ռադիոկայանի հետ զրույցում: Նրա կարծիքով՝ ԻՍԱԿ-ը առավել քան բավարար աջակցություն ունի, որ «այս նավի ղեկին կանգնի, որպեսզի կուրսը շարունակի»:
«Մենք սոցիալիստներ ենք, որոնց դուր է գալիս իշխանության լինել: Իրավիճակը փոխելու համար ձախից տարածություն չենք թողնի նրանց, որոնք քաղաքականություն են եկել, նկատի ունեմ Unidas Podemos-ին: Եվ երրորդ՝ մենք 84 մանդատ էինք տնօրինում՝ աջերին տապալելով սահմանադրությունը ձեռքներին, որպեսզի ցուցադրենք, որ քաղաքականությունը պետք է իրականությանը ծառայի»,- հավելել է նա:
Ընդ որում՝ Կալվոն ընդունել է խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերի հետ երկխոսության անհրաժեշտությունը: «Իսպանական քաղաքականությունը սաստիկ փոխվել է: Պետք է բոլորին հարգել, բոլորի հետ խոսել եւ հասնել նրան, որպեսզի համագործակցության մշակույթը դառնա իսպանական քաղաքականության մի մասը: Իսպանական քաղաքականության մեջ չափից ավելի շատ են հաղթողներն ու պարտվողները... Անհրաժեշտ է, որ բոլորս մի փոքր զիջենք»,- ասել է նա: Նրա խոսքով՝ նպատակն է «4 տարի հասնել կայունության, պահպանել իսպանական տնտեսության աճը, սոցիալական ճգնաժամի նահանջը»:
Կիրակի Unidas Podemos-ի առաջնորդ Պաբլո Իգլեսիասը վարչապետ Պեդրո Սանչեսին առաջարկել էր երկխոսություն վարել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ: ԻՍԱԿ առաջնորդը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել այն քաղաքական ուժերի հետ, որոնք գործում են սահմանադրության շրջանակում:
Քվեաթերթերի 99,9 տոկոսի մշակումից հետո սոցիալիստները ստացել են Կոնգրեսի 350 պատգամավորական մանդատներից 123-ը: Սա Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցության համար հաջողություն է. խորհրդարանի նախորդ կազմում ուներ ընդամենը 85 տեղ:
Երկրորդ տեղում է աջ Ժողովրդական կուսակցությունը՝ 66 տեղով: Երրորդ՝ «Քաղաքացիներ» ցենտրիստական կուսակցությունը (57 մանդատ):
Unidas Podemos ձախ կոալիցիան կարողացել է 42 տեղ ստանալ ստորին պալատում: Առաջին անգամ Կոնգրես է անցել VOX ծայրահեղ աջ կուսակցությունը, որը կունենա 24 պատգամավոր:
Մնացյալ տեղերը բաշխվել են ազգայնական կուսակցությունների միջեւ, որոնք ներկայացնում են տարբեր ինքնավար միավորումների: «Կատալոնիայի ձախ հանրապետականները» ստացել են 15 մանդատ, աջ «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը՝ 7: Այս կուսակցությունները հանդես են գալիս Իսպանիայից ինքնավար միավորման դուրս գալու օգտին: Աջ բասկյան ազգայնական կուսակցությունը՝ 6: Ձախ բասկյան Bildu-ն, որն իր նպատակ է հռչակել Բասկերի երկրի անկախացումը՝ 4: Երկուական մանդատ են ստացել Navarra Suma-ն (Նավարա ինքնավար միավորումից) եւ «Կանարյան կոալիցիան»: Մեկական՝ վալենսիական Compromís-ը եւ Կանտաբրիի Տարածաշրջանային կուսակցությունը:
Վարչապետին հաստատելու համար առաջին փուլում անհրաժեշտ է ստանալ բացարձակ մեծամասնության՝ 176 պատգամավորի աջակցությունը: Քվեարկության երկրորդ փուլում բավական է պարզ մեծամասնությունը:




























