Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) ստորաբաժանումները՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, շարժվում են դեպի ազգային համաձայնության կառավարության դիրքեր՝ Տրիպոլի, եւ շարժվում դեպի քաղաքի կենտրոն, ասել է ԼԱԲ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմաին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Զինված ուժերը ճնշել են ահաբեկիչներին բոլոր ուղղություններով Տրիպոլիի շուրջ եւ շարժվում են դեպի քաղաքի կենտրոն»,- գրել է ալ-Միսմարին ֆեյսբուքյան իր էջում։

Միեւնույն ժամանակ, լիբիական ԶԼՄ-ները տեղեկացնում են շարունակվող մարտերի մասին Սալահ ադ Դինում, էլ-Հիլյայում, Բիար Ալաքում, աս-Սաբիայում։ Այնտեղ կիրառվում են նռնականետեր, հրետանի։

Ինչպես տեղեկացնում է «Ահբար Լիբիա» ինտերնետ պորտալը, ԼԱԲ ավիացիան հարվածներ է հասցրել ազգային համաձայնության կառավարության դիրքերին մայրաքաղաքի գրավման հերթական փորձից առաջ։

Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին հրամայել էր իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի ուղղությամբ՝ «ահաբեկիչներից ազատելու համար»։ Տրիպոլիում կառավարությանը լոյալ զինված կազմավորումները հայտարարել են «Ցասման հրաբուխ» գործողությունն սկսելու մասին։

Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարեց հանդես գալ որպես միասնական պետություն։ Հիմա երկրում երկիշխանություն է։ Արեւելքում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի կառավարումն է, արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված եւ Ֆայեզ Սարաջի գլխավորած ազգային համաձայնության կառավարությունը։ Երկրի արեւելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ։