ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ԱՄՆ օրենսդիրներին իրազեկել է Զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագրի վավերացումից հրաժարվելու որոշման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի Սենատ ուղարկված նրա նամակը:
«Ես եկա այն եզրակացության, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ դառնալու Զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագրի անդամ... Սրա հետ կապված ես որոշեցի Սենատից հետ կանչել նշված պայմանագիրը եւ համապատասխանաբար՝ խնդրել, որ այն ինձ վերադարձվի»,- նշել է Թրամփը:
Թրամփն ուրբաթ հայտարարել էր, որ Սենատին խնդրելու է կասեցնել պայմանագրի վավերացումը, որը ստորագրվել էր Բարաք Օբամայի նախագահության օրոք, ով այն 2016-ի դեկտեմբերին ուղարկել էր սենատորներին: Թրամփը նաեւ հայտարարել էր, որ մտադիր է ՄԱԿ-ին իրազեկել դրան անդամակցելու ԱՄՆ մերժման մասին:
Պայմանագիրն իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ է, որը կանոնակարգում է զենքի միջազգային առեւտուրը: Դրա կիրառման ոլորտը տարածվում է սովորական սպառազինության հետեւյալ կարգերի վրա՝ մարտական տանկեր, մարտական զրահամեքենաներ, խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր, ռազմական օդանավեր, ռազմական ուղղաթիռներ, ռազմական նավեր, հրթիռներ եւ հրթիռների արձակման կայանքներ, հրաձգային զենք եւ թեթեւ սպառազինություն:



























