ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել գահը լքող կայսր Ակիհիտոյին եւ նրա տիկնոջը՝ կայսրուհի Միտիկոյին, ասվում է Թրամփի գրավոր հայտարարությունում, որը տարածել է Սպիտակ տունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ամերիկյան ժողովրդի անունից առաջին տիկինը եւ ես խորին երախտագիտություն ենք հայտնում Նորին մեծություն կայսր Ակիհիտոյին եւ Նորին Մեծություն կայսրուհի Միտիկոյին։ Քանի որ Հեյսեյ դարաշրջանը մոտենում է ավարտին, եւ նոր սերունդը պատրաստվում է ժառանգել գահը, ցանկանում են ընդգծել հսկայական նշանակությունը, որ ԱՄՆ-ը տալիս է մերձավոր հարաբերություններին Ճապոնիայի հետ»,- նշվում է հայտարարությունում։
Թրամփը գրել է, որ կայսր Ակիհիտոն հինգ անգամ ընդունել է ամերիկյան նախագահներին Ճապոնիայում եւ գահին է գտնվել սառը պատերազմի ավարտից հետո ցայսօր։ Նրա խոսքով՝ ԱՄՆ եւ Ճապոնիայի երկկողմ հարաբերությունները հատկապես անհրաժեշտ էին, որպեսզի հաղթահարվեին այն ժամանակների գլոբալ դժվարությունները։
«Մելանյան եւ ես պատիվ ենք ունեցել լինելու Նորին մեծության հյուրը 2017-ին, եւ մենք հույս ունենք շարունակել գործընկերության ավանդույթը եւ համագործակցությունը Ճապոնիայի հետ, մեր հիանալի դաշնակցի հետ նոր դարաշրջանում»,- նշել է ԱՄՆ նախագահը։
2016-ի օգոստոսին կայսր Ակիհիտոն ժողովրդին ուղղված դիմումով հասկանալ էր տվել, որ տարիքի հետ կապված նրա համար ավելի դժվար է դառնում կատարել պարտականությունները, նա կցանկանար գահը հանձնել որդուն եւ հեռանալ գործերից։ Բայց կայսերական տան մասին օրենքը եւ երկրի սահմանադրությունը նախատեսում են գահի փոխանցում միայն գործող կայսեր մահվանից հետո։ Դրանից հետո ավելի քան 10 ամիս իրավունքի, պատմության, մշակույթի ոլորտների լավագույն փորձագետները որոշում էին, թե որքանով է հնարավոր շեղվել կանոններից։ Եվ 2017-ի հունիսին խորհրդանանն ընդունեց «հատուկ օրենք», որը թույլ է տալիս կյանքի օրոք փոխանցել Քրիզանթեմների գահը։
Հատուկ գումարված հանձնաժողովը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին հաստատեց կայսր Ակիհիտոյի գահից հրաժարվելու օրը՝ 2019 թվականի ապրիլի 30-ը, եւ թագաժառանգ Նուրիհիտոյի գահակալման օրը՝ մայիսի 1-ը։ Ակիհիտոյի հեռանալով ավարտվում է Հեյսեյ կառավարման դարաշրջանը եւ սկսվում է նորը՝ Ռեյվայի դարաշրջանը։



























