Վենեսուելայում որոշ սոցցանցերի հասանելիությունը սահմանափակվել է զինվորականների խմբի ապստամբության մասին տեղեկությունից հետո։ Այս մասին տեղեկացրել է NetBlocks ոչկառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է ինտերնետում սահմանափակման մոնիթորինգով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Շատ ինտերնետ-սերվիսներ Վենեսուելայում սահմանափակվել են ռազմական ապստամբության ֆոնին՝ ի պաշտպանություն «Ազատություն» գործողության»,- ասվում է կազմակերպության թվիթերյան էջում։

NetBlocks-ի տվյալներով՝ Վենեսուելայում, մասնավորապես, չեն աշխատում Twitter-ը եւ Periscope-ը։

Մինչ այդ Գուայդոն Թվիթերում հրապարակել էր տեսահոլովակ, որում դիմել էր վենեսուելացի զինվորականներին՝ կոչ անելով դուրս գալ փողոց, որպեսզի «վերջ տրվի երկրում իշխանության զավթմանը»։ Նրա խոսքով՝ դիմումը նկարահանվել է Ֆրանսիսկո Միրանդայի անվան ավիաբազայի տարածքում, Կարակասում։ Տեսանյութում Գուայդոյի հետ միասին նկարահանվել են զինվորականների խումբ եւ ընդդիմադիր «Ժողովրդական կամք» կուսակցության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը, որը տնային կալանքի մեջ է։

Հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակեց նախագահի պաշտոնակատար։ Նրան այդ պաշտոնում ճանաչեց ԱՄՆ-ը, որին միացան Լիմայի խմբի երկրները (բացի Մեքսիկայից), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ԵՄ երկրների մեծ մասը։

Պետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածն անվանեց հեղաշրջում եւ հայտարարեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին։ Մադուրոյին աջակցություն են հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը, Սիրիան եւ Թուրքիան։