Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հարյուրավոր կողմնակիցներ դուրս են եկել երկրի մայրաքաղաք Կարակասի փողոցներ՝ նրան իրենց աջակցությունը հայտնելու: EFE գործակալությունը հայտնում է, որ նրանք փակել են քաղաքի մի քանի փողոցների երթեւեկությունը:
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն երեքշաբթի Վենեսուելայի զինված ուժերին եւ ժողովրդին կոչ է արել հրաժարվել Բոլիվարական հանրապետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյի աջակցությունից եւ անցնել ընդդիմության կողմը: «Մենք Վենեսուելայի զինվորականներին եւ ժողովրդին կոչ ենք անում գրավել ճիշտ պատմական կողմը՝ տապալելով Մադուրոյի բռնապետությունը եւ բռնազավթումը»,- Twitter-ում նշել է Դուկեն: Կոլումբիայի ղեկավարը վենեսուելացիներին նաեւ կոչ է անում աջակցել «Ազգային ասամբլեային» եւ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:
Համանման կոչերով է հանդես եկել նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Ավելի վաղ Գուայդոն Twitter-ում հոլովակ էր տեղադրել, որում դիմել էր Բոլիվարական հանրապետության զինվորականներին՝ կոչ անելով դուրս գալ փողոցներ՝ «վերջ տալու երկրում բռնազավթմանը»: Նրա խոսքով՝ ուղերձը տեսանկարվել էր Կարակասում Ֆրանսիսկո Միրանդայի անվան ռազմաբազայի տարածքում: Տեսանյութում Գուայդոյի հետ երեւում են մի խումբ զինվորականներ եւ ընդդիմադիր «Ժողովրդական կամք» կուսակցության առաջնորդ Լեոնարդո Լոպեսը, որն այս պահին տնային կալանքի մեջ է:
Հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակեց նախագահի պաշտոնակատար։ Նրան այդ պաշտոնում ճանաչեց ԱՄՆ-ը, որին միացան Լիմայի խմբի երկրները (բացի Մեքսիկայից), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ԵՄ երկրների մեծ մասը։
Պետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածն անվանեց հեղաշրջում եւ հայտարարեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին։ Մադուրոյին աջակցություն են հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը, Սիրիան եւ Թուրքիան։



























