Ճապոնիայում գահաժառանգ արքայազն Նարուխիտոն ստանձնել է կայսեր իրավասությունները։ Նրա հոր՝ Ակիխիտոյի հրաժարականի մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի համաձայն, դա տեղի է ունեցել Տոկիոյի ժամանակով մայիսի 1-ի ժ․ 00։00 (Երեւանի ժամանակով՝ ապրիլի 30-ին, ժ․ 19։00)։ Միաժամանակ, Ճապոնիայում սկսվել է Ռեյվի («Հրաշալի ներդաշնակության») դարաշրջանի առաջին տարին, ինչպես անվանվում է նոր միապետի տիրապետության ժամանակաշրջանը։

Ավելի վաղ, երեքշաբթի օրը Տոկիոյում անցկացվել են մասնավոր եւ պաշտոնական միջոցառումներ՝ կապված 85-ամյա Ակիխիտոյի հրաժարականի հետ։ Նա այժմ ստացել է «ձյոկո»-ի՝ պատվավոր կայսրի տիտղոս։

Մայիսի 1-ի առավոտյան Տոկիոյի կենտրոնում գտնվող կայսերական պալատի Սոճու դահլիճում 59-ամյա Նարուխիտոյի գահ բարձրանալու առթիվ տեղի կունենա պետական արարողություն, որին կմասնակցեն նրա կինը՝ նոր կայսրուհի Մասակոն, կայսերական ընտանիքի անդամներ, վարչապետ Սինձո Աբեն, նախարարներ, խորհրդարանի երկու պալատների ղեկավարները, Գերագույ դատարանի դատավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։

Այնուհետեւ Նարուխիտոն նոր միապետի կարգավիճակով հանդես կգա ազգին ուղղված առաջին ուղերձով։ Նրա հայրն ու մայրը արաողությանը չեն մասնակցի։

Նարուխիտոն առաջին ճապոնացի կայսրն է, որ ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Տոկիոյի զինաթափումից հետո։ Նա ավարտել է Տոկիոյի էլիտար Գակուսյուին եւ Օքսֆորդի համալսարանները։ Նրա 55-ամյա կինը Ճապոնիայում հայտնի դիվանագետի դուստրն է, նա ավարտել է Տոկիոյի եւ Հարվարդի համալսարանները։ Կայսերական զույգն ունի 18-ամյա դուստր՝ Այկոն։