Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Անդրեյ Վտյուրինին «այնպիսի արարքներ կատարելու համար, որոնք վարկաբեկում են զինծառայողի կոչումը»։ Հրամանագիրը հրապարակվել է ազգային իրավական պորտալում։

«Բելառուսի Հանրապետության Սահմանադրության 84-րդ հոդվածի համաձայն՝ կարգադրում եմ. այնպիսի արարքների կատարման համար, որոնք վարկաբեկում են զինծառայողի կոչումը, ազատել գնդապետ Վտյուրին Անդրեյ Ալեքսանդրովիչին հանրապետության Անվտանգության խորհրդրի պետական քարտուղարի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

Ապրիլի 29-ին բելառուսական մի քանի ԶԼՄ-ներ տեղեկացրել էին, որ Վտյուրինը կալանվել է իրավապահ մարմինների կողմից կաշառք ստանալու համար՝ մոտավորապես 150 հազար դոլարի չափով։ Միեւնույն ժամանակ, ոչ Քննչական կոմիտեն, ոչ ՆԳՆ-ն, ոչ Գլխավոր դատախազությունը, ինչպես եւ ՊԱԿ-ը, մեկնաբանություններ չեն արել։

Վտյուրինը ծնվել է 1971-ին Պենզայում, ավարտել է ՌԴ ՆԳՆ բարձրագույն ռազմական ուսումնարանը։ 1995-ից անցել է աշխատանքի Բելառուսի նախագահի անվտանգության ծառայությունում, որը գլխավորել է 2007-2014 թվականներին։ Դրանից հետո երկրի նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ։