ԱՄՆ-ն պնդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի տարածքը լքի: Այս մասին CCN-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Նրան հարց է ուղղվել, թե հիմա ի՞նչ ուղերձ կհղեր Մադուրոյին: «Օդանավը գործարկեք»,- պատասխանել է Պոմպեոն: Նա մի քանի անգամ կրկնել է, որ Վենեսուելայի նախագահի համար երկիրը «լքելու ժամանակն է»:
«Նրա համար Վենեսուելան լքելու ժամանակն է: Նրանք, ովքեր պատրաստ են աջակցել ժողովրդավարությանն ու ազատությանը, պետք է լավ նախապատրաստվեն նրան, որպեսզի դառնան անցումային գործընթացի [իշխանության փոխանցման] բաղկացուցիչ մասը եւ սկսեն փոխգործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,- ամփոփել է Պոմպեոն:
Միացյալ Նահանգները կմեծացնի ճնշումը Մադուրոյի եւ նրա շրջապատի վրա, եթե նա հրաժարվի հեռանալ Բոլիվարական Հանրապետությունից, հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:
Այն հարցին, թե ինչ կպատահի, եթե Մադուրոն հրաժարվի Վենեսուելայից հեռանալ, Պոմպեոն պատասխանել է. «Նրա ծախսերը եւ նրանց, ովքեր նրան աջակցում են, կշարունակեն աճել: Ցավոք, ես վստահ չեմ, որ նա այս հարցով մտահոգվում է: Հույս ունեմ եւ աղոթում եմ, որ մտահոգվում է»,- ասել է նա:
«Մենք պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր Վենեսուելայի ժողովրդի դեմ բռնության գործողությունների կդիմեն»,- պնդել է Պոմպեոն:
Դրանից բացի, ԱՄՆ-ն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հնարավոր կալանավորումը կդիտարկի որպես Վենեսուելայում լարվածության խոշորագույն էսկալացիա:
Պոմպեոյին հարցրել են, թե ԱՄՆ-ն ինչպիսի՞ միջոցառումներ է պատրաստ ձեռնարկել Գուայդոյի կալանավորման դեպքում: «Ես մանրամասների մեջ չեմ խորանա: Սակայն մենք հստակ հասկացրել ենք, որ դա կդիտարկենք որպես խոշորագույն էսկալացիա»,- պատասխանել է Պոմպեոն:
Կարակասում եւ Վենեսուելայի մի շարք քաղաքներում ընթանում են հակակառավարական ցույցեր, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ անցել են ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը: Նա ավելի վաղ Twitter-ում տեսաուղերձ էր հրապարակել, որում զինվորականներին կոչ էր արել փողոցներ դուրս գալ՝ երկրում իշխանության «բռնազավթմանը վերջ տալու համար»: Գուայդոյի խոսքով՝ տեսանյութը նկարահանվել էր Կարակասի Ֆրանսիսկո Միրանդայի անվան ավիաբազայի տարածքում:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը երեքշաբթի հայտնել էր, որ իշխանությունները մասամբ ճնշել են երկրում խաղաղությունը խափանելու ընդդիմության փորձը, որին աջակցում է զինվորականների փոքր խումբ: Բոլիվարական ազգային հետախուզության ծառայության ղեկավար Մանուել Ֆիգերան զինվորականների խմբի ղեկավարներից մեկն էր, որը երեքշաբթի հանդես էր եկել Գուայդոյի կողմում, նշել էր Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի անդամ Խերարդո Մարկեսը: Նրա խոսքով՝ խոսքը «հայրենիքը դավաճանած զինվորականների փոքր մասշտաբի խռովության մասին է», որոնք «փորձում են երկրում բռնություն սերմանել»:



























