Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեքշաբթի հայտարարել է, որ վենեսուելացի ժողովուրդը չի ցանկանում հեղափոխական ցնցումներ եւ ցանկանում է ապրել խաղաղ։ Այս հայտարարությունը նա արել է պետական հեռուստատեսության եթերով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նրանց նպատակը շոու կազմակերպելն էր։ Բայց նրանք ձախողվեցին, քանի որ ժողովուրդը խաղաղություն է ուզում»,- ասել է Մադուրոն։

Բոլիվարի Հանրապետության նախագահը նաեւ հավելել է, որ իր երկիրը երբեք «գրինգոների գաղութ» չի դառնա։

Մադուրոն տեղեկացրել է, որ առնվազն հինգ վենեսուելացի զինվորական լուրջ վնասվածքներ է ստացել երեքշաբթի բողոքողների հետ բախումների ժամանակ։

«Մենք ներկա պահին հինգ վիրավոր զինվոր ունենք, նրանցից երկուսը՝ ծանր վիճակում,- ասել է նա։- Ընդդիմությունը ցանկանում է բռնության սրացում, որպեսզի երկիրը ներքաշի քաղաքացիական պատերազմի մեջ»։

Կարակասում եւ երկրի այլ քաղաքներում երեքշաբթի տեղի են ունեցել հակակառավարական ելույթներ, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ աջակցել էին ընդդիմութան առաջնորդ Խուան Գուայդոյին։ Վերջին տվյալներով՝ բախումների ընթացքում Կարակասում տուժել է ոչ պակաս, քան 69 մարդ։

Ավելի վաղ Գուայդոն Թվիթերում հրապարակել էր տեսահոլովակ, որում դիմել էր Բոլիվարի Հանրապետության զինվորականներին՝ կոչ անելով փողոց դուրս գալ, որպեսզի «վերջ տրվի իշխանության բռնազավթմանը» երկրում։ Նրա խոսքով՝ դիմումը ձայնագրվել է Կարակասի Ֆրանսիսկո Միրանդայի անվան ավիաբազայի տարածքում։ Տեսանյութում Գուայդոյի հետ միասին երեւում են 50-70 հոգուց բաղկացած զինծառայողների խումբը եւ «Ժողովրդական կամք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը, որը դատարանի որոշմամբ՝ տնային կալանքի տակ է։