ԱՄՆ-ը Վենեսուելային վերաբերող «սպառիչ պլանավորում» է իրականացրել եւ մշակել է տարբեր սցենարների դեպքում արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը՝ հավելելով, որ հիմնական ուշադրությունը հատկացվում է դիվանագիտական եւ տնտեսական ճնշմանը՝ հայտնում Reuters-ը։
«Մենք ամբողջ կառավարությամբ աշխատում ենք այդ հարցի վրա, եւ երբ մարդիկ ասում են, որ սեղանին դրված են բոլոր տարբերակները, դրանք դրված են բառի բուն իմաստով։ Սակայն մենք աշխատում ենք դիվանագիտական եւ տնտեսական ճնշում գործադրելու ուղղությամբ»,- Ներկայացուցիչների պալատում հատկացումների մասին լսումների ժամանակ ասել է Շանահանը։
«Մենք կատարել ենք սպառիչ պլանավորում, այդ իսկ պատճառով գոյություն չունեն իրավիճակներ կամ սցենարներ, որոնց համար մենք լուծումներ չունենք»,- հավելել է նա։



























